գլխավոր Գլխավոր Ավելացել են Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանում․ ԱԳՆ

Ավելացել են Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանում․ ԱԳՆ

Անդրկովկասում տեղի է ունենում ուժերի վերադասավորում։ Այս գործընթացը դեռևս ամբողջովին չի բյուրեղացել և դեռևս վաղ է ամբողջական գնահատական տալ հաստատվող իրողություններին։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց արտգործնախարար Արա Այվազյանը։

Նա ընդգծեց, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման ու կայունության ապահովման համար մեծ է Ռուսաստանի դերը, սակայն արտգործնախարարն ընդգծեց նաև, որ Թուրքիայի նկրտումներն էլ են ավելացել այս հարցում․

«Տարածաշրջանում հայ ժողովրդի անտվտանգության համապարփակ ապահովումը եղել է և մնում է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը։ Արցախյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանի առանցքային մարտահրավերներից մեկը»,- ընդգծեց Արա Այվազյանը։

Արա Այվազյանն, ըստ էության եզակի անգամ պաշտոնապես հայտարարեց, որ Արցախի տարածքների մի մասը զավթել է Ադրբեջանը։ Ըստ նրա այդ իրողութունը չի կարող համարվել հակամարտության կարգավորում։ Թե «տարածքների մի մասը» ասելով՝ կոնկրետ ո՞ր տարածքները նկատի ուներ Արա Այվազյանը, չմանրամասնեց։

Ըստ Արա Ավազյանի հակամարտության վերջակետը կլինի Արցախի կարգավիճակի վերջնական լուծումը։