գլխավոր Իրադարձային Ոստիկանների պահանջներին չենթարկվելու առթիվ հարուցվել է քրգործ

Ոստիկանների պահանջներին չենթարկվելու առթիվ հարուցվել է քրգործ

Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժինը այցելել է հետախուզման մեջ գտնվող անձի բնակավայր, սակայն քաղաքացին չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին և իր մոտ ապօրինի պահվող զենքից կրակ է արձակել տան ներսից, որի պատճառով հնարավոր չի եղել խուզարկություն իրականացնել։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները հունվարի 27-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, դատարանի որոշման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ, այցելել են նշված քննչական բաժնի վարույթում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 273-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող մեղադրյալներին հայտնաբերելու, ինչպես նաև բնակության վայրում և դրան կից օժանդակ շինությունում ապօրինի կերպով զենք-զինամթերք և թմրանյութ հայտնաբերելու նպատակով՝ խուզարկություն կատարելու: Արդյունքում, հետախուզման մեջ գտնվող անձը՝ 40-ամյա տղամարդը, չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին և իր մոտ ապօրինի պահվող զենքից կրակ է արձակել տան ներսից, որի պատճառով հնարավոր չի եղել խուզարկություն իրականացնել։

Տարվել են բացատրական աշխատանքներ՝ 40-ամյա տղամարդու կողմից զենքը վայր դնելու վերաբերյալ, որից հետո վերջինս ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել իր մոտ ապօրինի պահվող «TT» տեսակի ատրճանակ և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասաց Ռիմա Եգանյանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: