գլխավոր Քաղաքականություն Բայդենի և Պուտինի առաջին հեռախոսազրույցի մանրամասները.AP

Բայդենի և Պուտինի առաջին հեռախոսազրույցի մանրամասները.AP

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ․ հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև լարված հարաբերություններն ու փխրուն հավասարակշռությունը, գրում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Մոսկվան հեռախոսազրույցի հարցով մեզ դիմել է անցյալ շաբաթ։ Բայդենը համաձայնել է, բայց ցանկացել է նախ դրան պատրաստվել իր վարչակազմի հետ, խոսել եվրոպական դաշնակիցների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ»,- գործակալությունը հայտնել է աղբյուրը։

Պուտինի հետ խոսելուց առաջ Բայդենը նաև զանգահարել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգին ՝ «հավաստիացնելու համար, որ ԱՄՆ-ն հավատարիմ է դաշինքին», ասված է հաղորդագրության մեջ:

Իսկ Պուտինի հետ զրույցում Բայդենը, գործակալության տվյալներով, ընդգծել է, որ ԱՄՆ-ն «կպաշտպանի իրեն և միջոցներ կձեռնարկի, որպեսզի երաշխավորի, որ Մոսկվայի քայլերն անպատիժ չեն մնալու»:

ԱՄՆ-ի նախագահը նաև հարցեր է բարձրացրել «ամերիկյան գերատեսչությունների նկարտմամբ Ռուսաստանին վերագրվող կիբերգրոհների, Աֆղանստանում ամերիկացիների սպանությունների, 2020 թվականի ամերիկյան ընտրություններին միջամտության, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորման և ձերբակալության կապակցությամբ»։

Ավելի վաղ Կրեմլը մամուլի հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հունվարի 26-ին կայացել է առաջին հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի միջև, որը գործնական բնույթ է կրել։

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների զրույցը գործնական և անկեղծ բնույթ է կրել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կապերը պահպանելու մասին: Քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը: Վերանայվել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում, ինչպես նաև այլ ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, համագործակցության հնարավորությունները»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը, իրանական միջուկային գործարքի պահպանման խնդիրը, ներուկրաինական կարգավորումը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների գագաթնաժողով անցկացնելու մասին ռուսաստանյան առաջարկը:

Կողմերը պայմանավորվել են նաև երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման և կրճատման մասին պայմանագիրը: