գլխավոր Իրադարձային Հարգում ենք Իրանի մոտեցումները անմիջական հարևանների հետ. Արա Այվազյան

Հարգում ենք Իրանի մոտեցումները անմիջական հարևանների հետ. Արա Այվազյան

Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ:,- հայտարաել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։

«Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն:
Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ: Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ԻԻՀ Արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Ադրբեջան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Իրանն ուրախ է եղբայրական և բարեկամ Ադրբեջանի տարածքների ազատագրման առիթով, ինչպես նաև՝ օկուպացիայից այդ հողերի վերստին ադրբեջանցի ժողովրդի հսկողության ներքո անցնելու կապակցությամբ։ Այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը ադրբեջանական կողմի հետ քննարկել է Ղարաբաղին առնչվող հարցեր, ինչպես օրինակ՝ Ղարաբաղում կայունության պահպանումը կամ «ազատագրված» տարածքների վերականգնումն է, ինչպես նաև՝ քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, որոնք առնչվում են «Հյուսիս-Հարավ» և «Հարավ-Արևմուտք» միջանցքներին։