գլխավոր Քաղաքականություն Օրինապահ հարկատուների խրախուսման համակարգ կներդրվի.ՊԵԿ նախագահ

Օրինապահ հարկատուների խրախուսման համակարգ կներդրվի.ՊԵԿ նախագահ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 27-ի նիստում հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխություններին, որով առաջարկվում է խրախուսել օրինապահ հարկ վճարողին, նաեւ ապրիլի 19-ը սահմանել որպես հարկ վճարողի օր:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ այս փաթեթն ուղղված է օրինապահ հարկ վճարողների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելուն:

Նա նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաեւ հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ:

Այսպիսով՝ հարկ վճարողի դիմումի հիման վրա Կառավարության կողմից սահմանված կարգով ուսումնասիրվելու եւ տրամադրվելու է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր: Նախագծով հիմքեր է ստեղծվում եւ վերանայվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման համակարգը` նախատեսելով հավաստագրման եւ խրախուսման համապատասխան մեխանիզմներ, որպեսզի հարկային կարգապահությունը ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այն նաեւ գնահատվի, լինի շահավետ եւ գրավիչ:

Էդվարդ Հովհաննիսյանի ներկայացրած մեկ այլ նախագծով նախատեսվում է ունենալ հարկ վճարողի օր: Հաշվի առնելով, որ 1992թ. ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվել են հարկային համակարգը եւ վերջինիս սկզբունքները, հարկային մարմին եւ հարկ վճարող հարաբերությունները՝ առաջարկվում է հարկ վճարողի օր սահմանել ապրիլի 19-ը: