գլխավոր Քաղաքականություն Որ դեպքում ՀՀ քաղաքացիները կկարողանան մուտք գործել ՌԴ

Որ դեպքում ՀՀ քաղաքացիները կկարողանան մուտք գործել ՌԴ

Մեկնարկում է «Ճամփորդիր առանց Covid-19»-ի ծրագիրը, որի վերաբերյալ արդեն ՀՀ ու ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ: Այս մասին կառավարության հերթական նիստին, անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին, ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան ճամփորդել օդային տրանսպորտով դեպի Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ»,-ասաց նա և նշեց, թե ծրագիրը մեկնարկում է պիլոտային կարգով՝ մինչև մարտի 1-ը, բայց, կարծում է, թե այն կաշխատի, քանի որ նախափորձարկումն անցել է հաջող:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ քաղաքացին, իր հեռախոսի մեջ ներբեռնելով հավելվածը, կարող է գտնել ու ներբեռնել այնտեղ նշված լաբորատորիաները, որոնք գործում են այս կարգի համաձայն: «Քաղաքացիները կմոտենան լաբորատորիա, կհանձնեն թեստ, որի արդյունքները մտցվում են համապատասխան ծրագրով ու հավելվածում թեստի բացասական պատասխանի արդյունքում կանաչում է ազատ տեղաշարժի պատուհանը»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ թեստավորումը տեղի է ունենում թռիչքից 72 ժամ առաջ, իսկ նախարարն ասաց, թե արդեն վեց հոգի բարեհաջող անցել է գործընթացը, փետրվարի մեկից արդեն այն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի: