գլխավոր Գլխավոր «Իմ քայլը» հավաքը կազմակերպել է գերեզմանոցում․ Hraparak.am

«Իմ քայլը» հավաքը կազմակերպել է գերեզմանոցում․ Hraparak.am

Իշխող կուսակցության եւ դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր նվազում է։ Դրան ոչ այնքան ընդդիմությունն է նպաստում՝ Փաշինյանին ուղղված մի շարք մեղադրանքներով ու բացահայտումներով, որքան իմքայլականները՝ իրենց պառակտիչ ու հակահայ գործունեությամբ եւ անհոդաբաշխ խոսքով։ Հասկանալու համար, թե մարզերում ինչպիսի տրամադրություններ են «Իմ քայլի» ու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, վարչապետն իր թիմակիցներին գցել է դռնեդուռ՝ այս կամ այն միջոցառման անվան տակ մարզաբնակների «բերնի գոլը» հասկանալու համար։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, օրինակ, Գյումրիում էր՝ նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին ներկայացնելու նպատակով, ինչն իր հերթին հարմար առիթ էր՝ հանդիպելու Շիրակի մարզի համայնքապետերի ու 62 գերիների հարազատների հետ։ Վերջիններիս հետ հանդիպումը փակ էր, մասնավորապես՝ մամուլի համար։ Նման մի փակ հանդիպում էլ տեղի է ունեցել Արմավիրի մարզի Խորոնք գյուղում։ Այստեղ էլ մարզպետն ու մարզից ընտրված 3 պատգամավորներն են հանդիպել պատերազմում զոհվածների հարազատների հետ։ Նրանցից մեկի փոխանցմամբ՝ իրենց նախապես տեղեկացրել էին, որ մարզպետն ու պատգամավորներն այցելելու են զոհվածների ընտանիքներին, բայց հետո, չգիտես ինչու, պլաններն ու հանդիպման ձեւաչափը փոխել են։ «Մեզ ասացին՝ գնանք գերեզմանոց, որտեղ կլինեն նաեւ մարզի ղեկավարներն ու պատգամավորները։

Գյուղում յոթ զոհ ունենք, մտածեցինք՝ որպեսզի յոթի տուն մեկառմեկ չմտնեն, երեւի ճիշտ որոշում են կայացրել՝ բոլորի հետ գերեզմանատանը հանդիպել։ Բայց շատ զարմացանք, երբ գերեզմանատանն ամբողջ գյուղին տեսանք։ Տպավորություն ստացա, որ նախընտրական հավաք են կազմակերպել՝ հասկանալու համար, թե ինչքան մարդ կարող են իրար գլխի հավաքել։ Ճիշտ է՝ զոհվածների շիրիմներին խոնարհում ու խնկարկում եղավ, բայց մի տեսակ  չհավատացի, որ այցի նպատակը հենց դա էր։ Ինչ-որ ծպտված բան կար դրա տակ․․․»։