գլխավոր Իրադարձային Տասնյակ միլիոնավոր օգտատերեր հրաժարվել են WhatsApp-ից

Տասնյակ միլիոնավոր օգտատերեր հրաժարվել են WhatsApp-ից

WhatsApp-ի գաղտնիության քաղաքականության պլանային թարմացումը հանգեցրեց օգտվողների զանգվածային անցմանն այլ մեսենջերների:

2021 թվականի առաջին երեք շաբաթվա ընթացքում Signal մեսենջեր օգտագործողների թիվն ավելացել է 7,5 միլիոն օգտատերով, իսկ Telegram-ի լսարանն աճեց 25 միլիոնով: Երկու դեպքում էլ լսարանի ավելացումը պայմանավորված էր նաև WhatsApp-ի շուրջ ստեղծված իրավիճակով, նշում է The Guardian-ը:

Ըստ App Annie վերլուծական ընկերության՝ հունվարի սկզբից WhatsApp-ը կորցրել է 15 դիրք Մեծ Բրիտանիայում ամենաշատ ներբեռնված հավելվածների վարկանիշում և ամսվա կեսերին ընկել է 23-րդ հորիզոնական: Միևնույն ժամանակ, Signal մեսենջերը, որը 2021 թվականի հունվարի 6-ի դրությամբ նույնիսկ ընդգրկված չէր Մեծ Բրիտանիայում ամենաշատ ներբեռնված 1000 լավագույն ծրագրերի մեջ, այս վարկանիշը գլխավորում էր մինչ հունվարի 9-ը:

Տարեսկզբին WhatsApp-ը փոխեց իր համաձայնագիրը՝ օգտագործողներից պահանջելով անձնական տվյալները փոխանցել Facebook-ին: Նման տվյալների ցանկը ներառում է գրանցման տեղեկատվությունը, աշխարհագրական դիրքը, տեղեկատվությունը գործարքների և սոցիալական ցանցերում գործունեության մասին: Նրանք, ովքեր չեն ցանկանում կիսվել իրենց տվյալներով, կկորցնեն ծառայության մուտքը և ստիպված կլինեն դադարեցնել հավելվածի օգտագործումը:

Լուրը վրդովմունքի ալիք բարձրացրեց սոցիալական ցանցերում: Դրան արձագանքեց նաև ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը՝ իր բաժանորդներին խորհուրդ տալով ուշադրություն դարձնել այլընտրանքային ծառայություններին:

Հունվարի 15-ին WhatsApp-ը լսարանի հիասթափության պատճառով մի քանի ամիս հետաձգեց գաղտնիության քաղաքականության փոփոխությունը: Ենթադրվում էր, որ նոր կանոններն ուժի մեջ կմտնեն փետրվարի 8-ից, սակայն ծառայությունը որոշեց թարմացումը հետաձգել մայիսի 15-ին: