
Թուրքիայի Հանրապետությունում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության կոալիցիոն («Ժողովրդական դաշինք») գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության (թուրքական ծայրահեղական, ռազմականացված «Գորշ գայլեր» խմբավորման քաղաքական թև) նախագահ Դեվլեթ Բահչելին հայտարարել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում 9-ամյա դպրոց կառուցելու մասին։
Բահչելին խոսել է թուրքական խորհրդարանում՝ նաև ցուցադրելով դպրոցի նախնական տեսքը։ Նախատեսվում է, որ դպրոցը կկառուցվի «Իդեալիստների ակումբներ» մշակութային ու կրթական հիմնադրամի (ԳԳ խմբավորման ֆինանսական աղբյուր) միջոցներով:
ԱՇԿ նախագահի խոսքերով՝ այս դպրոցը կկրի ադրբեջանցի հանգուցյալ կոմպոզիտոր, Ադրբեջանի պետական օրհներգի հեղինակ Ուզեյիր Հաջիբեյլիի (Հաջիբեկով) անունով, իսկ դպրոցի հիմքը կարելի է դնել 2021 թ. հունվարի 30-ին:
Ծայրահեղականների առաջնորդը նաև «անկեղծորեն» շնորհակալություն է հայտնել Էրդողանին և Ալիևին։ «Առաջիկա օրերին մենք ներկայացուցիչներ կուղարկենք Շուշա՝ քննարկելու նախագծի մանրամասները, այդ թվում ՝ Ադրբեջանում Թուրքիայի դիվանագիտական առաքելության մասնակցությամբ: Կսահմանվեն շինարարության վայրն ու փուլերը։ […] Ծրագրի ընթացքն ու յուրաքանչյուր փուլը կներկայացվեն մեր նախագահներին: Հենց դպրոցի կառուցումը Շուշայում ավարտվի, այն անմիջապես կհանձնվի Ադրբեջանի Հանրապետությանը»,- նշել է նա։

