գլխավոր Իրադարձային Հայտնի է նոր կիսամյակում ուսումնական գործընթացի կազմակերպման ձևը

Հայտնի է նոր կիսամյակում ուսումնական գործընթացի կազմակերպման ձևը

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի և ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպման ձևի և լսարանների անվանափոխությունների վերաբերյալ հարցեր:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր հրավիրված հանդիպման առաջին մասում տեղի է ունեցել պրոֆեսոր Արմեն Թռչունյանին հետմահու պետական պարգևով պարգևատրման արարողությունը, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Պարգևատրման արարողության ավարտից հետո ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ հանդիպման օրակարգում ներառված է երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը:

Նա տեղեկացրեց, որ նախարարությունից երեկ ստացվել է գրություն, ըստ որի՝ երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացն անհրաժեշտ է կազմակերպել առկա ուսուցմամբ: Նշված է նաև, որ ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար:

Բացի դրանից՝ ասվում է, որ պետք է խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները և անհրաժեշտ անվտանգության երաշխիքները: Բարձրաձայնված հարցերին ի պատասխան՝ Վահրամ Դումանյանը նշեց, որ գրությունն ուղարկվել է՝ ելնելով կանոնակարգային նորմերից, բայց համալսարաններն ազատ են՝ հարցը որոշելու բուհական ինքնավարության շրջանակում:

Այնուհետև՝ նախարարի հեռանալուց հետո, Գեղամ Գևորգյանն առաջարկեց առաջին կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի վերաբերյալ հրապարակված հրամանը համարել ուժի մեջ, ըստ որի՝ ուսումնական գործընթացը կարող է կազմակերպվել առկա և հեռավար ձևերի համադրությամբ:

Գեղամ Գևորգյանը չբացառեց, որ օրինակ մեկ ամիս անց կարող է որոշվել ուսումնական գործընթացն ամբողջովին իրականացնել առկա ձևով:

Հիշեցնենք, որ հրապարակված հրամանի համաձայն՝ յուրաքանչյուր ուսանողի համար առկա դասաժամերը կարող են կազմակերպվել շաբաթական առավելագույնը երկու օր, օրական առավելագույնը 3 ժամ, իսկ մեկ լսարանում ուսանողների թիվը չպետք է գերազանցի 30-ը: Բացի դրանից՝ սահմանվում է, որ մեկ ուսումնական մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը:

Նիստի ընթացքում հնչեցին տարբեր մեկնաբանություններ և առաջարկներ: ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն էլ ներկայացրեց կառույցի կողմից անցկացված առցանց հարցման արդյունքները, որին մասնակցել է 3800 ուսանող: Ըստ պատասխանների՝ նրանցից 58 տոկոսը կողմ է եղել, որ դասերն անցկացվեն առկա ձևով:

Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ կան ֆակուլտետներ, որոնք ցանկանում են դասերն ամբողջովին իրականացնել հեռավար, ֆակուլտետներ էլ կան, որ գործնական պարապմունքները ցանկանում են անցկացնել առկա, իսկ հոսքային դասախոսությունները՝ հեռավար: Ըստ այդմ՝ որոշվեց, որ ուսումնական գործընթացի կազմակերպման ձևը կորոշեն ֆակուլտետներում:

Հանդիպման օրակարգային մյուս հարցով քննարկվեց պատերազմում զոհված ուսանողների անունով լսարաններ անվանակոչելու հարցը: Գեղամ Գևորգյանը նշեց, որ պատերազմի ընթացքում, չճշտված տվյալներով, համալսարանից եղել է 55 զոհ, չճշտված, քանի որ կան անհետ կորածներ: Գեղամ Գևորգյանը չբացառեց, որ զոհված ժամկետային զինծառայողների շարքում ևս կլինեն համալսարանականներ, որոնց վերաբերյալ դեռ հստակ տեղեկատվություն չկա:

Նա նշեց, որ կան տարբեր առաջարկություններ՝ լսարաններ անվանափոխելու վերաբերյալ, և առաջարկեց որոշ ժամանակ սպասել: Գեղամ Գևորգյանն ասաց, որ 3 ամսից կարելի է մրցույթ հայտարարել, զոհված զինվորների հիշատակին նվիրված քանդակ պատվիրել, որը կտեղադրվի համալսարանի հարակից տարածքում նախատեսվող ճեմուղում: Նա այս ընթացքում մտածելու և առաջարկություններով հանդես գալու կոչ արեց դեկաններին: