գլխավոր Իրադարձային «Ղարաբաղյան հակամարտության լուծումը կարևոր է Իրանի անվտանգության համար». Զարիֆ

«Ղարաբաղյան հակամարտության լուծումը կարևոր է Իրանի անվտանգության համար». Զարիֆ

Իրանն ամենամոտ երկիրն է այն հակամարտության վայրին, որը ցավոք, տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, ուստի մեզ համար այս հակամարտության կարգավորումը շատ կարևոր է մեր իսկ ազգային անվտանգության տեսանկյունից:

Այս մասին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Անցյալ տարվա ամռանը և աշնանը Ղարաբաղում հակամարտության սրումից հետո Իրանը մեծ ջանքեր է գործադրել տարածաշրջանային լուծում ներկայացնելու համար: Այս կապակցությամբ ես մի քանի հեռախոսազրույց եմ ունեցել պարոն Լավրովի հետ, Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է տարածաշրջան և ներկայացրել հակամարտությունը դադարեցնելու մեր խաղաղության ծրագիրը: Մենք շատ ուրախ ենք, որ Ռուսաստանի Դաշնության ջանքերով գտնվել է մի լուծում, որը շատ նման է մեր առաջարկածին, և այն տեղափոխվել գործնական հարթություն»,-ասել է Իրանի արտգործնախարարը:

«Այսօր պայմաններ են նախապատրաստվել Ղարաբաղի բարգավաճման, համագործակցության և փոխգործակցության համար: Հող է պատրաստվել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային նախագծերի փոխգործակցության համար: Մենք կկարողանանք նվազեցնել պատմական տարաձայնությունները, փրկել մարդկանց կյանքերը»,- նշել է Զարիֆը:

Նրա խոսքերով, հենց այդ պատճառով է, ,որ ինքը որոշել է այցելել Հարավային Կովկասի երեք երկրներ, ինչպես նաև Ռուսաստան և Թուրքիա՝  քննարկելու բոլոր խնդիրները:

«Ուրախ եմ, որ երկրների արձագանքը այս նկատառումներին շատ դրական է: Հուսով եմ, որ մյուս երկրներում էլ, որտեղ ես կայցելեմ, կտեսնենք նույն արձագանքը: Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից ՝ ավելի լավ ապագա ստեղծելու համար»,-եզրափակել է նախարարը: