գլխավոր Հասարակություն Վայնշտեյնի ընկերությունը 17 մլն դոլար կվճարի սեռական ոտնձգությունների զոհերին

Վայնշտեյնի ընկերությունը 17 մլն դոլար կվճարի սեռական ոտնձգությունների զոհերին

ԱՄՆ-ի` սնանկության գործերով դատավոր Մերի Ուոլրաթը Դելավեր նահանգում լսումներից հետո հավանություն է տվել սնանկացած Weinstein Co պրոդյուսերական ընկերության լուծարման ծրագրին, որը նախատեսում է 17,1 մլն դոլար հատկացնել Հարվի Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների զոհերին: Այս մասին գրում Է Variety-ն ։
Պարբերականի տվյալներով ՝ այդ միջոցները կբաժանվեն ավելի քան 50 դիմողների միջև։ Ծրագիրը քվեարկության է դրվել Վայնշտեյնի զոհերի կողմից։ Արդյունքում կողմ է քվեարկել 39 մարդ, դեմ ՝ 8։

Ինչպես նշել է դատավորը, առանց դատական կարգավորման Վայնշտեյնի զոհերը «նվազագույն փոխհատուցում կստանային, եթե իհարկե ընդհանրապես ստանային»: Այդ կապակցությամբ նա որոշել է ընկերության սնանկության ընթացակարգի շրջանակներում 17,1 մլն դոլարի չափով հիմնադրամ ստեղծել. Վայնշտեյնի կողմից ոտնձգություններից առավել տուժած զոհերը կստանան 500 հազար դոլարի չափով փոխհատուցում:

Հոլիվուդյան պրոդյուսերի հետ կապված սեքսուալ սկանդալը ծագել է 2017 թվականին։ Նրան մեղադրել են ավելի քան 100 կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ, ներառյալ այնպիսի հայտնի դերասանուհիների, ինչպիսիք են` Անջելինա Ջոլին, Ումա Թուրմանը, Գվինեթ Փելթրոուն և Էշլի Ջադդը: Սկանդալի հետևանքով Վայնշտեյնին հեռացրել են սեփական ընկերությունից։

Անցյալ տարվա փետրվարին պրոդյուսերին մեղավոր էին ճանաչել Միրիամ Հեյլիի նկատմամբ սեռական բնույթի հանցավոր գործողություններ կատարելու համար: Միրիամ Հեյլին պրոդյուսերի օգնական էր աշխատում «Պրոեկտ պոդիում» շոուի ժամանակ: Բացի այդ, դատարանը ընդունել է Վայնշտեյնի մեղքը երրորդ աստիճանի բռնաբարության մեջ։ Մարտին 67-ամյա Վայնշտեյնին դատապարտել էին 23 տարվա ազատազրկման և ուղարկել Նյու Յորք նահանգի բանտ։

Հոկտեմբերին Վայնշտեյնին նոր մեղադրանքներ են առաջադրել բռնաբարությունների հետ կապված դրվագների կապակցությամբ։ Մասնավորապես, հետաքննության վարկածով, պրոդյուսերը 2004-ի սեպտեմբերից մինչև 2005-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Բեվերլի Հիլզի հյուրանոցներից մեկում բռնաբարել է մի կնոջ: Երկրորդ դեպքում, ինչպես պնդում Է հետաքննությունը, պրոդյուսերը 2009-ի նոյեմբերից մինչև 2010-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում բռնաբարել է մեկ այլ կնոջ: