գլխավոր Գլխավոր «99 տոկոսով վստահ էինք, որ մահանալու ենք». մահից 4 անգամ փրկված զինծառայողի...

«99 տոկոսով վստահ էինք, որ մահանալու ենք». մահից 4 անգամ փրկված զինծառայողի պատմությունը

«Սմերչն ընկավ անմիջապես մեր կողքը», «Սնայպերը կրակեց հենց իմ ուղղությամբ», «Ամբողջ մարմինս բեկորների մեջ է, ուղղաթիռով բերեցին Երևան»,- այս և շատ այլ բաների մասին Onnet.am կայքի հետ զրույցում պատմում է ժամկետային զինծառայող Տիգրան Գասպարյանը, ում, հոկտեմբերի 17-ին՝ վիրավորվելուց հետո, ուղղաթիռով հասցրել են Երևան:  Գորիսում ծառայող զինվորը պատերազմի առաջին օրերից տեղափոխվել է Ջաբրայիլ, սակայն ծնողները դրա մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ Տիգրանը հայտնվել է հոսպիտալում:

Մորս խաբում էի, որ հանգիստ տեղում եմ ծառայում, բայց 99 տոկոսով վստահ էինք, որ մահանալու ենք

«Ընտանիքիս անդամներից ոչ մեկը չի իմացել, որ ես Ջաբրայիլում եմ, բոլորը համոզված են եղել, որ ես Խնձորեսկի տակ եմ, չեմ մտել Ջաբրայիլ:  Վիրավորվելուցս մեկ օր առաջ զինակիցներիցս մեկի ծնողը մորս հետ խոսելուց ասում է, որ առաջնագծում եմ: Ու հենց իմանում են, դրա հաջորդ օրը վիրավորվում ու գնում եմ տուն:

Մորս ասում էի, որ շատ հանգիստ տեղում եմ ծառայում, անգամ կրակոց չի լսվում, վրանների մեջ ենք, ինքն էլ միամիտ-միամիտ հավատում էր: Հարցնում էր՝ գոնե մի կրակոցի ձայն լսու՞մ եք: Հետո է իմանում, որ շատ վատ տեղում եմ:
Տղաներից ոչ ոք չէր ուզում ընտանիքին ասել, որ Ջաբրայիլում է, որովհետև 99 տոկոսով վստահ էինք, որ մահանալու ենք, հետ չենք գնալու: Ամենավատ տեղերից մեկն էր Ջաբրայիլը. թաքնվելու տեղ չկար, անապատ էր»:

Առաջին մարդիկ, ովքեր իմ աչքի առաջ մահացան, մեր վաշտից էին: Դիակները մենք ենք տարել


«Մեր վաշտի երկու տղաներին եմ առաջինը մահացած տեսել. նրանց դիակները մենք ենք տեղափոխել: Ամսի 2-ն էր: Ինքնաթիռի ռակետից են մահացել: Ինքնաթիռը տեսնում է, որ պատրաստվում ենք մեր ականանետերը գործի դնել ու կրակ է բացում: Այդ տղաներն էլ մեքենայի մոտ են լինում , առաջինն իրենք են մահանում:
Այդ ամենից հետո բոլորս թաքնվում ենք փոսերի մեջ. նման փոսերի մեջ անգամ երկու հոգի չի տեղավորվում, բայց մենք յոթ հոգով մտանք այդ փոսը ու հրաշքով փրկվեցինք, որովհետև թշնամու քթի տակ էինք՝ 200 մետր նրանց դիրքերից այն կողմ»:

3 անգամ կյանքս հրաշքով փրկվել է

  • Առաջին անգամը մեքենայի ղեկին եմ եղել. ֆսսոց լսեցի ու թեքվեցի, այդ պահին նայեցի հայելիով ու տեսա, որ արկը մեքենայի կողքով անցավ ու մեքենայի հետևի մասը պայթեց: Եթե չթեքվեի մեքնային էր խփելու:
  • Երկրորդ անգամ էլ մեր բոլորի կյանքը փրկվեց. սմերչը ընկավ հենց մեր կողքն ու չպայթեց: 30 հոգով էինք այդ հատվածում, շատ ուրախացանք:
    Մենք էլ գետնին պառկած էինք, ու այդ հարվածից ողնաշարներս հաստատ կջարդվեր:
  • Երրորդ անգամ սնայպերը կրակեց իմ վրա, 2 միլիմետր շեղվեց ու կպավ քարին: Դա իմ վիրավորվելուց մի օր առաջ է եղել:
    Փամփուշտն այնքան մոտ է անցել դեմքիս կողքով, որ դեմքս դրա տաքությունից այրվել է:

Արդեն սովորել էինք ամեն ինչի, մեզ համար սովորական էր: Մարդ կար չէր դիմանում, գժվում էր, բայց դե մենք գիտեինք, որ գալուց առաջ երդում ենք տվել՝ պետք է պաշտպանենք մեր հայրենիքը:
Ամեն առավոտ արթնանալուց առաջինն ասում էինք. «Այս գիշեր էլ ողջ մնացինք»:

Վիրավորվել եմ ամենամոտ ընկերոջս թաղման օրը…

Ամենամոտ ընկերոջս թաղման օրն ինձ ուղղաթիռով բերեցին Երևան՝ հիվանդանոց: Նրա հոգեհանգստի օրն էլ ես վիրավորվել էի:
Գիտեի, որ մահացել էր, բայց նրա տան անդամներին չէի ասում, մինչև դին հասնի տեղ:
Չեմ տեսել՝ ինչպես է վիրավորվել, բայց գիտեմ, որ ականանետից է մահացել:

Վիրավորվեցի F15 ինքնաթիռի հարվածից, մարմինս ամբողջությամբ բեկորների մեջ է՝ ոտքս, վիզս, որովայնս, բայց ընկերոջս հասցրի փրկեմ

«Վերջին օրս մարտի դաշտում եղել է հոկտեմբերի 16-ը, 17-ին արդեն վիրավորվել եմ: Արթնացել էինք, ես էլ գնացել էի  ջուր բերեմ, որ տղերքով խմենք, ճանապարհին տղերքին տեսա, կանգնեցինք խոսեցինք: Ուզում էի շրջվեմ, որ գնամ, հրթիռի ֆսսոցը լսեցի ու գոռացինք՝ պառկեք: Խփելն ու պառկելս մեկ եղավ: Գետնին էլ չէի դիպչել, երբ պայթեց: Հիշում եմ, որ արյուն սկսեցի կորցնել, հետո արդեն գիտակցությունս կորցրի:

Վիրավորվել եմ Ջաբրայիլի Իշխանաձոր հատվածում, առավոտյան 7:30: F15 ինքնաթիռի հռթիռից եմ վնասվել, իմ կողքին շատ մարդ կար. 9 հոգի զոհվել են, 10-ից ավելի մարդ վիրավորվել է լուրջ, մի հոգուն էլ՝ Լևոնին, ես կարողացա հրել, հետ ընկավ ու ընդհանրապես չվնասվեց: Իմ պարտքն էր դա: Իրենք մեր գյուղից են՝ Կարմիր գյուղից, հորս գյուղն է, ամբողջ գյուղին պատմել էին, որ փրկել եմ: Այդ պահին ով էլ լիներ կողքիս՝ նույնկերպ էի վարվելու: 
Մենք զինվորներով իրար հետ երբեք վատ չենք լինում՝ անկախ ամեն ինչից: Եթե անգամ իրար համար վատն էլ անենք, միասին լավ հարաբերությունները պահպանում ենք»:

Հրաշքով մեջս ուժ գտա, հիվանդանոցիցի դուրս եկա հենակներով, որ մորս դարպասների մոտ տեսնեմ.. արյունը ոտքիցս ծորում էր

Բեկորները որովայնս են վնասել, ոտքս կոտրվել էր, ու բեկորները մինչև հիմա մեջն են, մի բեկորն էլ ուսիցս մտել է ու դեպի վիզ է բարձրացել: 

Հոսպիտալում էի, բայց չէի ուզում ասել տան անդամներին, մտածում էի՝ կհասնեմ Երևան ու կտեղեկացնեմ: Հետո ասացին, որ ամեն ինչ շատ լուրջ է, անպայման պետք է տանեն Երևան բուժելու համար: Զանգեցի հորս, ասացի, որ վիրավորվել եմ, բայց իբր թեթև: Մայրս էլ, տեսնելով հորս վիճակը, փորձում էր մի բան պարզել: 
Առանց որևէ բան իմանալու, փորձելով խոսք քաշել, մաման հորիցս հարցնում է.«Բա ինձ ինչու՞ չէիք ասում»: Հայրս էլ, մտածելով, որ մաման ամեն ինչ գիտի, բռնվում է:

Եկան հիվանդանոց ինձ տեսնելու: Կարանտինի ժամանակ չէին կարող մտնել: Ուժ գտա մեջս ու հենակներով գնացի դարպասի մոտ: Հիշում եմ, որ ոտքիցս այդ պահին արյունը ծորում էր, ու երևում էր: Մամայի սրտին դա շատ դարդ եղավ, շատ ցավոտ էր նրա համար:

Իր խոսքը Տիգրան Գասպարյանը եզրափակում է՝ խոստովանելով, որ զգում է՝ պահապան հրեշտակ ունի:
«Իմ կողքին կանգնած մարդիկ էին մահանում, ես ողջ եմ մնացել: Իմ բախտը բերել է, որ գլուխս չի վնասվել, մարմինս ամբողջությամբ վնասված է, բայց գլուխս՝ ոչ»:

Հեղինակ` Տաթևեր Լազարյան