գլխավոր Գլխավոր Հայտնի է Փաշինյանի հրաժարականի ժամկետը․ Գագիկ Մինասյան

Հայտնի է Փաշինյանի հրաժարականի ժամկետը․ Գագիկ Մինասյան

Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող կադրային տեղափոխումներն ու Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակելը չի երկարաձգելու Փաշինյանի իշխանությունը, որովհետև այն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում, փաստում է, որ հայ ժողովրդին պարտության տարած  և պարտության սիմվոլ Փաշինյանը, հեռանալուց բացի, այլ բան չի կարող անել, քանի որ մնալով՝ տրորում է հայ ժողովրդի արժանապատվությունը՝  այս պատերազմում տալով 10 հազար վիրավոր, հազարավոր զոհեր ու Արցախի մեծ մասը։

Փաշինյանի իրականացրած կադրային քաղաքականությունը նաև  որևէ դրական բան չի կարող տալ անձամբ Փաշինանին, քանի որ նրա ճակատագիրն այլևս ակնհայտ է՝ այն լինելու է դավաճանին վայել ճակատագիր։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով երկրի ներքաղաքական զարգացումներին, ասաց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։

«Այնպես որ, Փաշինյանի անձնական շահից է բխում, որ տա հրաժարական, և ոչ թե՝ իրականացնի արտահերթ ընտրություններ։ Փաշինյանին ձեռնտու է մոտ ապագայում հրաժարականը, որովհետև երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետևանքով գարնան սկզբում սոցիալական բունտն անխուսափելի է դառնալու, ինչին ավելանալու է  նաև փախստականների ու արտագաղթի խնդիրը։ Որևէ կառավարություն չի՛ կարող այս մարտահրավերներին դիմակայել»,- ասաց Գագիկ Մինասյանը։

ՀՀԿ ԳՄ անդամը վստահեցրեց՝ առաջիկայում սպասվող սոցիալական բունտերը չեն կարող կանխել անգամ այն խոստումները, որոնք տալիս են իշխանությունները ադրբեջանցիների ու թուրքերի հետ ճանապարհների ապաշրջափակման ու առևտուր անելու համատեքստում, որովհետև այդ առևտուր ասվածը Հայաստանի տնտեսության վրա թողնելու է միայն բացասական հետևանք։

«Նրանց խոստումները մեծ սուտ են, որովհետև Փաշինյան Նիկոլի կողմից  ներկայացված ճանապարհների և, օրինակ, դեպի Իրան բեռնափոխադրումներ իրականացնելու հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ։ Եթե նման բան լինի, դա կդառնա Սյունիքի վախճանը, որովհետև դա վերջ կդնի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցմանը։ Մենք այդ ճանապարհը կառուցում էինք, սակայն Փաշինյանի կողմից իրականացված կոռուպցիոն գործարքներն այդ ճանապարհի շինարարությունը կասեցրին, ու հիմա խոսում են նոր ճանապարհի մասին։ Եթե մենք մեր բեռները տեղափոխենք Նախիջևանով դեպի Իրան, ապա անիմաստ է դառնալու Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու և ազատ տնտեսական գոտու կառուցումը, ինչը կործանարար ծրագիր է Հայաստանի համար։ Հարց է առաջանում, թե այս ծրագիրն ո՞ւմ էր ձեռնտու, երբ փաստերը համադրում ես, համոզվում ես, որ սա միայն Թուրքիային ու Ադրբեջանին է ձեռնտու, ինչի մասին ասել է անգամ Էրդողանը՝ հայտարարելով, որ այս նոր ճանապարհն իրենց համար շատ ավելի մեծ ձեռքբերում է, քան Արցախում իրենց արձանագրածը»,- ասաց Գագիկ Մինասյանը՝ նշելով, որ երկրորդ ճանապարհը՝ Ադրբեջանով դեպի Ռուսաստան երկաթգծի կառուցման հեռանկարն էլ, շատ մշուշոտ է։

«Ստացվում է, որ մենք դարձնում ենք Սյունիքը  մի տարածք, որն Ադբեջանն ու Թուրքիան սկսում են երկու կողմից սեղմել, ինչի հետևանքով Սյունիքից ժողովուրդն արտագաղթելու է։ Այս ծրագրի նպատակը Սյունիքն անեքսիայի ենթարկելն է, և որքան քիչ մարդ այնտեղ ապրի, այնքան լավ՝ այդ ծրագիրն իրականացնողի համար։ Կրկնում եմ՝ Մեղրիում ազատ տնտեսական գուտու չստեղծումը, Հյուսիս-Հարավի չկառուցումը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքի խոչընդոտումն այդ ծրագրի մի մասն է»,- ասաց Մինասյանը՝ շեշտելով, սակայն, որ Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը կործանարար է ոչ միայն՝ Սյունիքի, այլ նաև՝ ողջ Հայաստանի համար։