
Ամերիկյան Moderna ընկերությունից հայտնել են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հավելյալ տարբերակ են մշակում, որը կբարձրացնի իմունային արձագանքը Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված շտամին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:
Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանին պատկանող ընկերության ղեկավարությունից ընդգծել են, որ իրականացրած հետազոտությունների արդյունքների համաձայն՝ իրենց պատվաստանյութը պաշտպանում է «վիրուսի ի հայտ եկող հիմնական տարբերակներից»:
Խոսքը մասնավորապես Մեծ Բրիտանիայում և ՀԱՀ-ում հայտնաբերված մուտացիաների մասին է: Սակայն վերջինի դեպքում հակամարմինների քանակի նվազում է նկատվել, որոնց «ընդհանուր ծավալը, այնուամենայնիվ, բարձր է մնում պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ մակարդակից»:
Այս առնչությամբ ընկերությունում որոշում են կայացրել հետազոտություններ սկսել՝ պատվաստանյութի երկու հավելյալ տարբերակներ մշակելու նպատակով:
ԱՄՆ-ում Moderna-ի ստեղծած պատվաստանյութը հավանության է արժանացել դեկտեմբերի 18-ին:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 25 մլն-ը, մահացածներինը՝ 420 հազարը: