գլխավոր Հասարակություն «Disney +»-ի որոշ մուլտֆիլմեր արգելափակվել են ռասայական կարծրատիպերի պատճառով

«Disney +»-ի որոշ մուլտֆիլմեր արգելափակվել են ռասայական կարծրատիպերի պատճառով

Ամերիկյան Disney+ ծառայությունը արգելափակել է «Դամբո», «Փիթեր Փեն», «Արիստոկրատ կատուները» և «Ռոբինզոնների շվեյցարական ընտանիքը» մուլտֆիլմերի դիտումը 7 տարեկանից ցածր երեխաների համար:

Այս մասին հայտնում է Daily Mail-ը, նշելով՝ նման որոշման կայացման պատճառն այս մուլտիպլիկացիոն ֆիլմերում առկա ռասայական կարծրատիպերն են:

Պարբերականի հաղորդմամբ՝ «Փիթեր Փեն» մուլտֆիլմն արգելափակվել է, քանի որ դրանում պատկերված է հնդկացիների մի ցեղ, որին անվանում են «կարմրամաշկներ»:

Բացի այդ, նշվում է՝ «Արիստոկրատ կատուները» մուլտֆիլմում կատուներից մեկը ունի ձգված ասիական աչքեր և դուրս ցցված ատամներ, որն ընկալվել է որպես «արևելյան Ասիայի ժողովուրդների ծաղրանկար»:

Միևնույն ժամանակ «Դամբո» մուլտֆիլմը ծաղրում է հարավային պլանտացիաներում գտնվող աֆրոամերիկացի աշխատողներին: Ֆիլմի կադրերից մեկում «անդեմ սևամորթներն աշխատում են երգի վիրավորական բառերի ներքո, այն է՝ «երբ ստանում ենք մեր աշխատավարձը, մենք վատնում ենք ամբողջ գումարը»:

Ինչ վերաբերում է «Ռոբինզոնների շվեյցարական ընտանիքը» մուլտֆիլմին, ապա այս դեպքում այն քննադատվել է «դեղին» և «շագանակագույն» դեմքերով ծովահենների պատճառով:

Նշվում է՝ արգելափակումը չի տարածվում մեծահասակների օգտահաշիվների վրա:

Disney-ը դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել: