գլխավոր Գլխավոր Ո՞ր արժանիքների համար է Մակունցը նշանակվելու դեսպան․ Դավոյան

Ո՞ր արժանիքների համար է Մակունցը նշանակվելու դեսպան․ Դավոյան

Նման խոսակցություններ գալիս են տարբեր շահագրգիռ շրջանակների կողմից և դրանք լինում են հիմնականում ցանկացած նշանակման վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու վերաբերյալ տարբեր մասնագետների բացասական կարծիքներին։

Հարցին՝ ի՞նչ արժանիքների համար Լիլիթ Մակունցը կարող է դեսպան նշանակվել, պատգամավորը նշեց, որ չի կարող որևէ հստակ բան ասել․ «Եթե կա նման որոշում, կմեկնաբանվի, կմանրամասնվի, թե ինչի համար է նման որոշումը։ Տիկին Մակունցը մեկնաբանել է իր հավանական նշանակման մանրամասները, իսկ երբ կլինի նման նշանակում, ավելի մանրամասն կխոսվի դրա մասին։ Խմբակցության ներսում դրա վերաբերյալ քննարկում չի եղել և տեսանք, թե այդ քննարկումը որտեղից սկսվեց։ Կարծում եմ՝ իմաստ չունի երկար խոսել մի բանի մասին, որի մանրամասները դեռ հայտնի չեն»,-ասաց Արփի Դավոյանը։

Պատգամավորը նկատեց՝ չի կարող ասել, թե ով ինչպիսի կադր կարող է լինել որպես դեսպան, որովհետև դա ժամանակը ցույց կտա, բայց այնուամենայնիվ նրա կարծիքով Մակունցը լավ կադր է․ «Կարծում եմ՝ նա կարող է լինել լավ դեսպան։ Մանրամասները կասեմ, երբ կլինի նշանակումը»,-ասաց պատգամավորը։

Դիտարկմանը, որ վարչապետը թերագնահատում էր դեսպանների աշխատանքը՝ նշելով, որ լավ չեն աշխատում, դիվանագիտական փորձ չունեն և պետք է կարևորվի այդ փորձը, իսկ այս նշանակումը հակասում է նրա այդ հայտարարությանը, Արփի Դավոյանը նշեց․ «Տիկին Մակունցը երեկ իր հարցազրույցում ասաց, որ կարևոր դեր է կատարել նաև խորհրդարանական դիվանագիտության փորձը»։