գլխավոր Քաղաքականություն Կյանքը Հայաստանում թանկանում է, եկամուտները` չեն ավելանում.168.am

Կյանքը Հայաստանում թանկանում է, եկամուտները` չեն ավելանում.168.am

Կյանքը Հայաստանում թանկանում է, իսկ մարդկանց եկամուտները չեն ավելանում։ Թե դա ուր է մեզ տանում, դժվար չէ պատկերացնել. տանում է աղքատացման։ Մարդիկ օր օրի ավելի վատ են ապրում, քան ապրում էին նախկինում։ Ու դա երևում է սպառողական պահանջարկի կրճատման տեսքով։

Սպառումը նոր չէ, որ սկսել է նվազել։

Դեռ անցած տարվա սկզբից ունենք սպառման նվազում, ինչը բերել է մանրածախ առևտրի ծավալների կրճատման։ Այն էլ՝ ոչ թե 1-2 տոկոսով, այլ՝ երկնիշ։

Մանրածախ առևտուրը տնտեսության այն հատվածներից է, որտեղ անցած տարի խորը անկում է գրանցվել։

Սա, առաջին հերթին՝ հասարակության գնողունակության անկման հետևանք է։ Ու որքան էլ իր սկանդալային հայտարարություններով աչքի ընկնող էկոնոմիկայի նախարարն ասի, թե սպառման կրճատման պատճառը ոչ թե եկամուտների պակասն է, այլ տրամադրությունների անկումը, այդպես չէ։

«Մենք վիճակագրական տվյալներից և շուկայից տեսնում ենք, որ մարդկանց եկամուտներն այնքան չեն ընկել, ինչքան սպառողունակ են, մարդիկ ուղղակի փող չեն ծախսում։ Հետևաբար՝ արտաքինից թվացող խնայողությունների սպառում իրականում չկա։ Այսինքն՝ մարդիկ փող ունեն»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։

Եթե նույնիսկ համարենք, որ մարդիկ փող ունեն, բայց չեն ծախսում, ապա դրա պատճառը ոչ թե տրամադրություններն են, այլ անվստահությունը վաղվա օրվա նկատմամբ։ Իսկ դա արդեն շատ վատ է։ Շատ վատ է երկրի ու տնտեսության համար։

Սպառման կրճատումն ուղիղ կապ ունի թե՛ ապագայի անորոշության, և թե՛ մարդկանց գնողունակության անկման հետ։

Որ մարդկանց գնողունակությունն ընկել է, կասկած չկա։ Գուցե դա վիճակագրական տվյալներով այնքան էլ չի երևում։ Վիճակագրորեն եկամուտների ու ծախսերի տարբերությունը Հայաստանում շատ չի փոխվել։ Այդպես է, որովհետև վիճակագրությունը ոչ միշտ է արտահայտում այն իրական և ամբողջական պատկերը, որն ունենք։ Միայն գնաճը բավարար է դրանում համոզվելու համար։

Արտաքուստ կամ պաշտոնապես Հայաստանում գնաճը ցածր է. անցած տարի այն կազմել է ընդամենը 1,2 տոկոս։ Բայց այնպես չէ, որ հասարակությունը գնաճի ազդեցությունը այդքանով է զգում իր վրա։ Գնաճի իրական ազդեցությունը պատկերացնելու համար անհրաժեշտ է տեսնել, թե ինչքանով են թանկացել առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք մեծ կշիռ ունեն հասարակության մեծ մասի սպառողական զամբյուղում։ Այդ դեպքում կտեսնենք, որ գործ ունենք ոչ թե 1,2 տոկոսանոց, այլ երբեմն՝ 10, նույնիսկ՝ 20 անգամ ավելի բարձր գնաճի հետ։

Բազմաթիվ են այն ապրանքները, որոնք վերջին շրջանում կտրուկ թանկացել են։ Էական չէ, թե դա ինչի հետևանք է։ Փաստ է, որ գների նման ակտիվ բարձրացումը բերում է սպառողական պահանջարկի կրճատման և տանում է հասարակության աղքատացման։

Գների բարձրացման պատճառները, անշուշտ, տարբեր են։ Դրանում վերջին շրջանում մեծ է եղել ազգային արժույթի արժեզրկման ազդեցությունը։ Ունենք դրամի 8-9 տոկոսանոց անկում, ինչն էլ հանգեցրել է ներմուծվող ու տեղում արտադրվող բազմաթիվ ապրանքների գների բարձրացման։

Թանկացումների ազդեցությունը գուցե սպառողների վրա այդքան էական չլիներ, եթե դրանք ուղեկցվեին եկամուտների ավելացմամբ։ Բայց մենք եկամուտների ավելացում գրեթե չենք ունեցել անցած տարի, չենք ունենա նաև այս տարի։ Նման ծախսեր պետական բյուջեում նախատեսված չէ։ Կապված տնտեսության անմխիթար վիճակի հետ՝ դժվար է սպասել, որ եկամուտների ավելացում կլինի նաև տնտեսական հատվածում։ Ընդհակառակը՝ սպասվում է եկամուտների նվազում, այդ թվում՝ ոչ միայն ուղղակի աշխատավարձի կրճատման, այլ՝ աշխատատեղերի փակման ու գործազրկության ավելացման հետևանքով։

Եկամուտների անկման կամ ոչ համաչափ աճի պայմաններում թանկացումները չարիք են հասարակության համար։

Վերջին ամիսներին թանկացած ապրանքների թվում են ալյուրը, ձավարը, հացամթերքը, ձուն, բրինձը, պանիրը, կաթնամթերքը, թռչնամիսը, ձեթը, շաքարավազը, դեղորայքը և այլն։ Թանկացել է վառելիքը՝ բենզինը, սեղմված և հեղուկ գազը։

Թանկացումներ են սպասվում նաև առաջիկայում՝ կապված՝ ինչպես ԵԱՏՄ մաքսասակագնային կարգավորումների, այնպես էլ՝ ներքին օրենսդրության այն փոփոխությունների հետ, որոնք տարեսկզբից մտնում են գործողության մեջ։

Հունվարի 1-ից դարձյալ ավելանալու են ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, բենզինի, դիզելային վառելիքի ակցիզային հարկերը: Ու դա բերելու է այդ ապրանքատեսակների գների բարձրացման։ Այնպես, ինչպես եղավ անցած տարի։

Ճնշումը գների վրա, սակայն, միայն այդ հատվածում չէ։ Թանկանում են նաև հանրային ծառայությունները, ու դրանք պակաս բեռ չեն սպառողների համար։ Որքան էլ իշխանությունները փորձում են տարբեր ձևերով քողարկել այդ բեռը բնակչության մասով, միևնույն է, դա կա և ազդում է սպառողական ապահանջարկի վրա։

Սպառողական պահանջարկը կրճատվում է, որովհետև մարդիկ փորձում են իրենց ծախսերը հնարավորինս սահմանափակել և համապատասխանեցնել եկամուտներին։ Բայց գալիս է մի պահ, երբ դա այլևս անհնարին է լինում։

Այսօր բազմաթիվ քաղաքացիներ կանգնած են նման վտանգի առաջ։ Տնտեսական իրավիճակը շատերին սպառնում է աշխատանքի կորստով։ Անցած տարվա վերջին 15-20 հազար մարդ կորցրել է աշխատանքը։ Չնայած առանց դրա էլ քիչ չեն այն քաղաքացիները, ովքեր աշխատանք չունեն։

Հայաստանում պաշտոնապես հաշվվում է 200 հազարից ավելի գործազուրկ։

Համատարած թանկացումների պայմաններում, թե ինչ է տեղի ունենում այս մարդկանց կյանքում, ոչ մի վիճակագրություն էլ չի արձանագրում։ Այդ ազդեցությունը մարդիկ իրենք են զգում իրենց մաշկի վրա։

Թանկացումները քիչ են, իշխանություններն էլ իրենց հերթին են ավելացնում հասարակության ֆինանսական բեռը։ Այս տարվանից սկսելու են գործել գույքահարկի փոփոխությունները, որոնցով անշարժ գույքն ամբողջությամբ մտնում է հարկման տակ։

Մարդկանց ֆինանսական բեռն ավելանում է նաև մի շարք հարկային ու ոչ հարկային օրենսդրության վերանայումների հետևանքով։

Սպասվում է, որ տարվա ընթացքում այդպիսի վերանայումների պակաս չի լինի։ Նախատեսվում է հարկային բեռի տակ դնել գյուղատնտեսությունը, առողջապահությունը, կրթությունը։ Դրանք բերելու են թանկացումների ու սպառողների վրա ֆինանսական ծանրաբեռնվածության ավելացման։

Փոխարենը՝ ոչինչ չի նախատեսվում մարդկանց եկամուտներն ավելացնելու համար։

Աղբյուր՝ 168․am