գլխավոր Քաղաքականություն Սպանել են մեկ ադրբեջանցու, պատանդ վերցրել 15 թուրքի

Սպանել են մեկ ադրբեջանցու, պատանդ վերցրել 15 թուրքի

Նիգերիացի ծովահենների կողմից Գվինեական ծոցում թուրքական նավի զավթման ժամանակ ադրբեջանցի է սպանվել: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Հայտնի է, որ ծովահենների զոհ է դարձել մեխանիկ Ֆարման Իսմաիլովը։ Անձնակազմի մյուս անդամները 15 նավաստի, պատանդ են վերցվել։ Բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են։ Նրանց թվում վիրավորներ կան։

Թուրքական ԶԼՄ–ների տվյալներով ծովահեններն ազատ են արձակել անձնակազմի երեք անդամի, այդ թվում նավապետներից մեկին` Ֆուրկան Յարենին։ Նրան հաջողվել է կապ հաստատել թուրքական կողմի հետ և պատմել, որ ծովահեններն իրենց նավի վրա ապամոնտաժել են գրեթե բոլոր նավիգացիոն սարքերը, և այժմ ինքը գրեթե կուրորեն է ղեկավարում նավը։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախագահ Էրդողանն արդեն երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Յարենի հետ։

Էրդողանը հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին և հանձնարարել է միջոցներ ձեռնարկել առևանգված նավի անձնակազմին փրկելու համար:

Ավելի վաղ Dryad Global ընկերությունը, որը զբաղվում է ծովային անվտանգությամբ, հայտնել էր, որ ծովահենները Գվինեական ծոցում հարձակվել են Լիբերիայի դրոշի ներքո ընթացող թուրքական Mozart բեռնատար նավի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Սան Տոմե քաղաքից 98 ծովային մղոն հեռավորության վրա (181 կմ)։

Միջազգային ծովային բյուրոյի զեկույցում Գվինեական ծոցը համարվել է 2020 թվականի աշխարհի ամենավտանգավոր տարածքներից մեկը ծովագնացության համար։ 2020 թվականին գրանցվել է ծովահենության և նավերի վրա զինված կողոպուտի 195 դեպք: Սա 30 դեպքով ավելի է, քան գրանցվել էր մեկ տարի առաջ: Այդ թվում նավի առևանգման երեք դեպք, ինչպես նաև գնդակոծման 11 և  հարձակման 20 փորձ: Անցած տարվա ընթացքում ծովահենները 161 նավ են առևանգել: Նման միջադեպերի աճի պատճառը Գվինեական ծոցում և Սինգապուրի նեղուցում աճող ծովահենությունն է: