
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր զոհված որդին իր ընկերների հետ սեպտեմբերի 28-ից առաջին գծում է եղել, սեպտեմբերի 29-ին է զոհվել, և գտել են մարմինը հունվարի երեքին:
Նա հայտնեց, որ «Ճշմարտությունը սերունդների համար» նախաձեռնությամբ է հանդես գալու, որը լինելու է փաստահավաք խմբի նման մի բան: «Դավիթ Տոնոյանը, հասկանալով վիճակը, երրորդ-չորրորդ օրը պետք է հրաժարական տար, քանի որ ասում էր՝ նոր պատերազմ` նոր տարածքներ: Նիկոլն իր ասածների համար պետք է պատասխան տար: Նիկոլն ուղիղ տարավ այս պատերազմը, այս պատերազմը չէր լինի, եթե Նիկոլը իր գործողություններով, հայտարարություններով չտաներ դրան: Ինքը, հայտարարելով «Արցախը Հայաստան է ու վերջ», բացեց Արցախի դարպասները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի համար»,-ասաց նա:
Գեղամ Նազարյանը նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանի արածները դիտավորություն չէին, պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տար, բայց նա նույնիսկ ներողություն չի խնդրել: Նա նշեց, որ նույնիսկ Իլհամ Ալիևը, Էրդողանը իրենց թույլ չէին տա ասել, որ Շուշին «ադրբեջանական» է: «Նիկոլ Փաշինյանը մակերեսային, դատարկ տղա է, ռոբոտ է, նա ունի զրոյական գիտելիքներ»,-ասաց նա:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանին աջակցողներ չկան: «Բացի թափթփուկ պատգամավորներից և նրանց ֆեյսբուքյան կեղծանուն էջերից՝ Նիկոլին ոչ մեկը չի աջակցում: Նիկոլը պետք է կանգնի և պարզ ասի, թե ով թույլ չի տալիս հրաժարական տալ»,-ասաց Գեղամ Նազարյանը և հարց բարձրացրեց, թե արցախցի հրամանատարները բունկերում ինչպես են հանդուրժել Աննա Հակոբյանին, և ինչ էր անում Աննան այնտեղ:
«Նիկոլի փրկությունը սա է. նա պետք է օր առաջ խնդրի իրեն ձերբակալել և դատավարություն սկսել իր ամբողջ թիմի հետ: Ես նայում եմ Նիկոլի աչքերին և ասում եմ՝ Նիկոլ՛, դո՛ւ ես սպանել իմ Աբգարին, մնացած աբգարներին, Դավիթին, Արամին, Արմանին, այդ 7 հազար տղաներին դո՛ւ ես սպանել քո հանցավոր գործողությունների արդյունքում, դու պետք է խնդրես քեզ, Աննային շուտ դատեն, թե չէ ժողովուրդը այս շոկից դուրս է գալու և վերահսկողությունից դուրս գա: Նիկոլը իմ տղային սպանեց, բայց ես ուզում եմ Մարիամիկը, Արփին, Աշոտիկը, Շուշանը ապրեն, ուզում եմ երջանիկ լինեն, բայց դրա համար մեկ պայման կա` Նիկոլը պետք է մեր նյուրնբերգյան դատավարությամբ դատվի Աննայի հետ միասին»,-ասաց նա:
Գեղամ Նազարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ Աննա Հակոբյանի ազդեցության տակ է, և որևէ մարդ այս աշխարհում չկա, որ փոքր-ինչ մրցակցի Աննայի հետ: «Այսօրվա իմ քայլական պատգամավորները, եթե հանկարծ անկեղծանան, կասեն, որ խմբագրությունում այս միտքը շատ էր հնչում` առանց Աննայի Նիկոլն այլ մարդ է, Աննայի ներկայությամբ՝ բոլորվին այլ մարդ»,-ասաց նա: