գլխավոր Առողջապահություն Moderna պատվաստանյութի արդյունավետությունը կարող է պահպանվել 1 տարի. փորձագետներ

Moderna պատվաստանյութի արդյունավետությունը կարող է պահպանվել 1 տարի. փորձագետներ

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի առողջապահության ոլորտի աշխատակից Սքոթ Հարիսը և հանրային առողջապահական այլ պաշտոնյաներ նահանգում COVID-19-ի դեմ պատվաստումների մասին զրույցում ԶԼՄ-ներին հայտնել են, որ աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերության պատվաստանյութի արդյունավետությունը կարող է պահպանվել առավելագույնը 1 տարի, փոխանցում է տեղական al.com-ը։

Լրագրողների հարցին, թե որքան երկար կարող է Moderna-ի պատվասանյութը կորոնավիրուսից  պաշտպանել մարդկանց, պաշտոնյան ասել է․ «Հստակ պատասխան չունենք։ Վերջին երկու շաբաթներին Moderna-ն հայտարարություն է տարածել, որից կարելի է ենթադրել, որ պատվաստանյութն արդյունավետ է մնում նվազագույնը 1 տարի»։

Ընդ որում, Հարիսը նշել է, որ Pfizer ընկերության պատվաստանյութի արդյունավետությունը, ըստ մի շարք հաղորումների, առավելագույնը 6 ամիս է։

Լրագրողները, վկայակոչելով այն տեղեկությունները, որ Moderna-ի մեկ չափաբաժինը կարող է 80%-ով արդյունավետ լինել, հետաքրքրվել են՝ արդյոք պատվաստանյութերի սղության պայմաններում իշխանությունները չեն նախատեսում երկու չափաբաժնի փոխարեն բնակչությանը պատվաստել մեկով։

Ի պատասխան Հարիսը նշել է, որ առողջապահական համակարգում ակտիվորեն քննարկվում է այդ հարցը։

Moderna տեսակի պատվաստանյութը ստեղծել է աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը: Պատվաստանյութի օգտագործումը թույլատրված է նաև ԱՄՆ տարածքում: Նոյեմբերի 16-ին Moderna-ն հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի՝ մոտ 95 տոկոս արդյունավետության մասին: