գլխավոր Քաղաքականություն Ում հետ ՀՀ-ն կբացի սահմանները

Ում հետ ՀՀ-ն կբացի սահմանները

Հայաստանի կառավարությունը բացում է սահմանները արտասահմանցիների համար, բայց դա դեռ չի նշանակում, որ նույնը կանի սեփական քաղաքացիների համար։ Եթե Ռուսաստանի հետ խնդիրը կլուծվի մոտակա ժամանակներում, ապա հարևան Վրաստանի և Իրանի հարցը դեռևս բաց է մնում։ Գլխավոր խնդիրն այդ երկրներում համավարակի պատճառով առաջացած համաճարակաբանական իրավիճակն է։

Իրավիճակն էլ ավելի է բարդացնում այն, որ Թբիլիսին ու Թեհրանը դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ են անելու փակ սահմանների հարցում։ Երևանում նույնպես չեն թաքցնում, որ սահմանափակումների վերացումը պետք է իրականացվի զգուշորեն և բոլոր հակահամաճարակային միջոցների ու կանոնների պահպանմամբ՝ կորոնավիրուսի երրորդ ալիքից խուսափելու համար։

Ի՞նչ է ասում ԱԳՆ-ն

Իրավիճակը պարզաբանելու նպատակով դիմեցինք երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից պատասխանեցին, որ մեր երկրի քաղաքացիների համար սահմանների հնարավոր բացման վերաբերյալ խորհրդակցություններն ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի համապատասխան գերատեսչությունների հետ հետևողական բնույթ են կրում:

Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 11-ին հանվել է Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը և ուժի մեջ է մտել կորոնավիրուսային վարակով պայմանավորված կարանտինի կիրառման մասին կառավարության 1514-H որոշումը: Ավելի ուշ կարանտինը երկարացրել են մինչև հունվար, իսկ հետո՝ մինչև 2021 թվականի հուլիսի 11–ը։

«Համաձայն հունվարի 12-ին ուժի մեջ մտած փոփոխությունների՝ վերացվել է օդային և ցամաքային սահմանների անցակետերով ՀՀ տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը»,-նշեցին ԱԳՆ-ից։

Հարցին` արդյո՞ք Երևանը Թբիլիսիի հետ բանակցում է Վրաստանի տարածքով Ռուսաստանի կամ Հայաստանի քաղաքացիների համար միջանցք տրամադրելու մասին, արտաքին քաղաքական գերատեսչությունից նշեցին, որ հայկական կողմը համապատասխան խողովակներով կանոնավոր կապ է պահպանում հարևան երկրի իրավասու կառույցների հետ:

Անորոշ վիճակ է նաև Հայաստանում

Զբոսաշրջության կոմիտեն ողջունում են սահմանները բացելու իշխանությունների որոշումը և ոլորտում ակտիվություն կանխատեսում: Սակայն նախագծերին, որոնք պետք է իրականացվեն այս տարի և զբոսաշրջային այցերին զգուշությամբ են վերաբերվում։

Կոմիտեի տվյալներով՝ 2020 թ․-ի հունվար-սեպտեմբերին զբոսաշրջային այցելությունների թիվը Հայաստան կազմել է 327 735 մարդ, ինչը 75,5 տոկոսով պակաս է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, 2020թ.-ի համար մասնագետները կանխատեսում էին զբոսաշրջային հոսքի 14-15% աճ։

Ներկա պահին քայլեր են մշակվում ներքին զբոսաշրջության աշխուժացման, ինչպես նաև Հայաստանն առցանց հարթակներում ներկայացնելու համար։ Այդ համատեքստում մասնագետներն աշխատում են նոր զբոսաշրջային կայքի ստեղծման, ինչպես նաև աշխարհում Հայաստանի իմիջի ռեբրենդինգի ուղղությամբ։  Առաջիկայում նախատեսվում է գործարկել այցելուներին զբոսաշրջիկներից տարանջատելու  համակարգ` ճշգրտելով ժամանող անձանց տարիքն ու սեռը։

Հիշեցնենք, որ Հայաստան օդային և ցամաքային ճանապարհով մուտք գործելիս` օտարերկրյա քաղաքացիները պետք է կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենան, որն արվել է վերջին 72 ժամվա ընթացքում։ Հակառակ դեպքում այդ քաղաքացիներին ինքնամեկուսացման ցուցում է տրվում մինչ ՊՇՌ հետազոտման բացասական արդյունքի ստացումը։ Փաստաթուղթը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, այն բուժհաստատության բլանկի վրա, որում արվել է թեստը, ուղևորի անձնական տվյալների նշումով։ Սերտիֆիկատը պետք է ստորագրված լինի բուժհաստատության ղեկավարի կողմից և կնքված։

Աղբյուր՝ Armeniasputnik.am