գլխավոր Գլխավոր Ես քաղաքական մարդ չեմ, դուք ինձ քաղաքական պաշտոնում չեք նշանակում․ Ջհանգիրյան

Ես քաղաքական մարդ չեմ, դուք ինձ քաղաքական պաշտոնում չեք նշանակում․ Ջհանգիրյան

«Ես քաղաքական մարդ չեմ, դուք ինձ քաղաքական պաշտոնում չեք նշանակում, չեք ընտրում»,- այսպես պատասխանեց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցապնդմանը, թե ինչպես կգնահատի թեկնածուն ԲԴԽ-ի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը, երբ դատարանները սկսեցին մերժել զինված հեղաշրջման կոչեր հնչեցրած անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները։ Պատգամավորը խնդրեց նաև գնահատական տալ այն իրողությանը, որ այսօր դատական համակարգում դատավորներ կան, որոնք ստանձնել են պետական ահաբեկչության հովանավորչությունը։ 

Թեկնածուն էլ պատասխանեց, որ  որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չէ և ձեռնպահ կմնա այդ գնահատականները բարձրաձայնելուց։
«Կասեմ՝ եթե այդ հիմքով՝ Ձեր հիշատակած կարգապահական վարույթ հարուցվի, և ԲԴԽ-ն քննարկի, ապա ես իմ տեսակետը իհարկե կարտահայտեմ»,- ասաց Ջհանգիրյանը:

Խոսելով դատարանների որոշումների կանխատեսելիության մասին, նշեց որ ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար, որոնք կարող են վտանգի ենթարկել շատերի կյանքը, պետական անվտանգությունը, կառավարման համակարգը, պետք է գործեն խափանման միջոցները:

«Եթե այդպիսի պարագաներում ամենախիստ խափանման միջոց կալանքը չի գործում՝ դա բացատրելի չէ, բայց Ձեր նշած կոնկրետ գործերի պարագայում ո՛չ ծանոթ եմ այդ մեղադրանքներին, որոշումներին, ո՛չ էլ ծանոթ եմ դատարանների որոշումների հիմնավորումներին:

Դրա համար մեծ սիրով կսպասեմ՝ եթե այդպիսի դեպքերում հարուցվեն կարգապահական վարույթներ, այն ժամանակ քննարկենք»,- ասաց Ջհանգիրյանը:

Բաբաջանյանն էլ պնդեց՝ «կանգ առնել Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարության վրա, որպես քաղաքացի ու իրավաբան», փորձեցլով ճշտել  թեկնածուի վերաբերմունքն ու դիրքորոշումը։

«Այդ ամենաթողությունը, որ այսօր ունենք դատական համակարգում և դա կոնկրետ նպատակ ու հովանավորներ ունի, կարևոր է իմանալ, թե դուք ի՞նչ եք պատրաստվում անել այս պայմաններում»։

Ջհանգիրյանն էլ նշեց, որ եթե ինքը բավարարի պատգամավորի հետաքրքրասիրությունը ու պատասխանի հարցին, ապա ընտրվելու դեպքում բացարկված կլինի վարույթին  մասնակցելուց։

«Հիմա դուք ի՞նչ եք ուզում, որ ես այստեղ  պատասխանեմ, թե գնամ էնտեղ հնարավոր պարագայում մասնակցեմ։ Այ, որ ասեք ինչ եք ուզում, կասեմ»,-պատգամավորի յասպես հակադարձեց ՋՀանգիրյանը։