գլխավոր Իրադարձային Պատերազմում վիրավորված անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում պետք է ապահովվի. Մեսրոպ Առաքելյան

Պատերազմում վիրավորված անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում պետք է ապահովվի. Մեսրոպ Առաքելյան

Կառավարության այսօրվա նիստին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը հաստատելու մասին նախագիծը:

Նախարարն ասաց, թե նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է պատերազմում վիրավորված անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում ապահովելու անհրաժեշտությունից: «Գործող կարգավորումների համաձայն՝ պրոթեզավորման կարիք ունեցող անձինք դիմում են նախարարություն, ու նրանց տրվում է հավաստագիր, այդ հավաստագրի միջոցով ձեռք է բերվում պրոթեզավորում, սակայն առկա կարգավորումները և առկա այն չափանիշները, որ սահմանված են, թույլ չեն տալիս առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել»,-ասաց նա և նշեց, որ նախատեսվում է պատերազմի մասնակցած, պրոթեզավորման կարիք ունեցող  անձանց համար կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երկու նպատակ ունեն, որ հնարավորինս արագ կազմակերպեն պրոթեզավորման գործընթացը և պրոթեզների որակը բերել բարձր մակարդակի: Նա հետաքրքրվեց, թե արդյոք այս խմբի շահառուների կարիքները հոգո՞ւմ են պետական բյուջեի միջոցներով, Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց, որ գործող կարգավորումներով, հաշվի առնելով անհատական կարիքների գնահատումը, չեն դնում ծախսերի սահմանափակում, հետագայում կունենան բյուջետային ծախսերի ընդհանուր պատկեր և անհրաժեշտության դեպքում օրենքով չարգելված միջոցները ևս հաշվի կառնեն:

«Մենք նաև հաշմանդամություն ստացած հայրենակիցների համար պետք է ապահովենք պատշաճ մասնագիտական վերապատրաստում, կրթություն, քանի որ մեր քաղաքականությունը պետք է լինի ոչ թե համակերպվելու, ալ հաղթահարելու քաղաքականություն, այսինքն, որ հաշմանդամություն ստանձնած անձիք այդ իրավիճակի բերած սահմանափակումները հաղթահարեն»,-ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց այսօր չքվեարկել հարցին, քանի որ մի քանի փոփոխություն կկատարեն. վաղը գրավոր կարգով կքվեարկեն: