գլխավոր Իրադարձային Փաշինյանի ու իշխանությունների տրամաբանությունն այլևս տարօրինակ չէ Շուշիի հարցում. Իվետա Տոնոյան

Փաշինյանի ու իշխանությունների տրամաբանությունն այլևս տարօրինակ չէ Շուշիի հարցում. Իվետա Տոնոյան

Առաջին հերթին պետք է նշեմ, որ նախօրեին Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմության հնչեցրած որևէ հարցադրման կոնկրետ որևէ պատասխան չի տրվել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը երեկ հարց է հնչեցրել՝ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է, ի՞նչ դիրքորոշում ունի սրա վերաբերյալ ԲՀԿ-ն: 

«Ես շատ լավ հասկանում եմ, որ Փաշինյանը մանիպուլյացիաներ իրականացնելու գործում իրեն հավասարը չունի, երեկ ևս մեկ անգամ ականատես եղանք այդ գործելաոճին, երբ մեր կողմից առաջ քաշված հարցադրումներից որևէ մեկի մասով որևէ պատասխան չտրվեց: Փոխարենը՝ վարչապետը որդեգրել էր մեղադրանքներ հնչեցնելու գործելաոճը և օգտագործում էր բացառապես իրենց տարած խայտառակ պարտության և կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման պատասխանատվությունը դնել բոլորի վրա, կորուստների մեղքը բարդել ընդդիմության վրա և նախկին ինչ-որ փաստաթղթերի էր հղում կատարում, ինչը բացարձակ անթույլատրելի է»,- ասաց նա:

Տոնոյանի խոսքով՝ նախօրեին հնչեցրած թեզերից պետք է առանձնացնել վարչապետի այն եզրույթը, թե առանց հողային կորուստների հնարավոր չէր այս պատերազմը կանգնեցնել՝ առանց որևէ անդրադարձ կատարելու, իսկ արդյո՞ք հնարավոր չէր մարդկային ավելի նվազ կորուստներով դադարեցնել պատերազմը: «Եթե անգամ ավելի քիչ հողային կորուստներով հնարավոր չէր կանգնեցել, ապա ավելի քիչ մարդկային կորուստներով հնարավոր էր կանգնեցնել»,- ասաց նա:

Պատգամավորը հավելեց՝ այսօր 5000 մարդկային զոհի մասին է խոսվում, և սա դեռ վերջնական թիվը չէ, 10 հազարից ավելի հաշմանդամ ունենք, 40 հազարից ավելի բնակիչ կորցրել է իր տունը, այս ֆոնին վարչապետը խորհրդարանական ամբիոնից խոսում է Շուշիի ադրբեջանամետ խոսույթին համապատասխան եզրույթներով: «Այլևս տարօրինակ չէ այս տրամաբանությունը՝ վարչապետի ու իշխանությունների, որովհետև եթե նախկինում նա հայտարարում էր, որ Շուշին դժգույն և դժբախտ քաղաք էր, չեմ կարծում՝ որևէ այլ ակնկալիք կարելի է ունենալ այս իշխանություններից՝ Շուշիի և Արցախի հետ կապված իրենց դիրքորոշումներում, հատկապես՝ վարչապետը այդպես էլ նախօրեին չպատասխանեց՝ Արցախը Հայաստան է և վե՞րջ, թե Արցախը Հայաստա՞ն է, թե՞ վերջ»,- եզրափակեց Տոնոյանը: