գլխավոր Քաղաքականություն Բայդենը չեղարկել է Թրամփի հրամանները

Բայդենը չեղարկել է Թրամփի հրամանները

Ջո Բայդենը, որը երեկ ստանձնել է պաշտոնն ու դարձել է ԱՄՆ 46-րդ նախագահը, առաջին իսկ օրը ստորագրել է մի շարք հրամաններ, որոնք չեղարկում են իր նախորդի` Դոնալդ Թրամփի հանձնարարությունները։

Մասնավորապես՝ նա հավանություն է տվել ԱՄՆ-ի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն վերադառնալուն։ ԱՄՆ-ն սկսել էր ԱՀԿ-ից դուրս գալու գործընթացը նախորդ տարվա հուլիսին։ Թրամփը մեղադրել էր կազմակերպությունը Չինաստանի օգտին կորոնավիրուսի համավարակի իրական ծավալները թաքցնելու ու բարեփոխումներից հրաժարվելու մեջ։

Բայդենը վերադարձրել է ԱՄՆ-ն նաև կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի մեջ, որից նրա նախորդը որոշել էր դուրս գալ։

Նոր նախագահը դադարեցրել է Մեքսիկայի սահմանին պատի կառուցումն ու չեղարկել սահմանին արտակարգ իրավիճակի ռեժիմը, որը թույլ էր տալիս Սպիտակ տանը այդ նպատակով ուղղել տարբեր գերատեսչությունների բյուջեները։ Միաժամանակ Բայդենը հասկացրել է, որ ապամոնտաժելու է պատի արդեն իսկ կառուցված հատվածը։

Բացի այդ՝ Բայդենը ստորագրել է մի հրաման, որը չեղարկում է Մերձավոր Արևելքից մի շարք երկրների բնակիչների մուտքը սահմանափակող հրամանը։ Խոսքը մասնավորապես Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Եմենի, Սոմալիի, Սուդանի ու Իրաքի մասին է։ 2017 թվականին նրանց արգելվել էր մուտք գործել ԱՄՆ։

ԱՄՆ նոր նախագահի ստորագրած ևս մի հրաման վերաբերում է Keystone XL խողովակատարի կառուցմանը Կանադայի ու ԱՄՆ-ի սահմանին։ Նավթատարի կառուցմանը հետևողականորեն սատարում էր Թրամփի վարչակազմը։