գլխավոր Գլխավոր «Հրապարակ»․ Ինչի՞ց է վախենում «պողոսը»

«Հրապարակ»․ Ինչի՞ց է վախենում «պողոսը»

«Այս իշխանության ապաշնորհ քաղաքա­կանության պատճառով կորցրինք Արցախի մեծ մասը, տվե­ցինք հազարավոր զոհեր, գերիներ, ունենք հազարավոր հաշմված երիտասարդներ: Արդեն վտանգված է Հայաստանի Հանրապետությունը՝ իր սահմաններով, իր պետակա­նությամբ: Նոր պատերազմը յոթ սարի հետևում չէ. Կարսում կայանա­լիք թուրք-ադրբեջանական զորա­վարժություններն ու թշնամու առջև խեղճի կեցվածք ընդունած Փաշինյանը դրա վկայությունն են: Սա­կայն հասարակությունը, կարծես թե, խոր նիրհի մեջ է, չի ուզում ընկալել իրականությունը, չի ուզում ընդունել, որ Փաշինյանի իշխա­նությունն ուղղակի չարիք է Հա­յաստանի և հայերի համար, ու նրա հեռանալը պարզապես կենսական անհրաժեշտություն է: Եվ ցանկա­ցած խնդրի, եղած ու սպասվելիք արհավիրքի մասին լսելիս շատերն արձագանքում են՝ բա լա՞վ էր, որ նախկինները… կերան, թալանեցին… ծախեցին… աթոռակռիվ… նախկինները չգան: Հասարա­կությունը կորցրել է իրականության զգացումը: Այո, նախկիններին շատ բաներում կարելի է մեղադրել, բայց այն, ինչ արեց Փաշինյանն Արցա­խի ու ՀՀ պետականության հետ, նախկիններից ոչ մեկը չի արել:

Երբ փորձում ես հասկանալ, թե, ինչպես Փաշինյանի «ուսապարկերից» մեկն էր ասել, շարքային պողոսն ինչու է այդքան վառված նախկիններից և Փաշինյանի որ արածից է այդքան գոհ, հասկանում ես, որ պողոսն էլ գոհ չէ Փաշինյանից, բայց վախենում է կա՛մ ամաչում խոստովանել՝ «էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու» մտածո­ղությամբ: Կարևոր չէ, որ էշը, որին սխալմամբ նստել է, գնացել հասել է անդունդի եզրին և ուր որ է՝ գլորվե­լու է, պողոսն էլ՝ հետը: Նա ասում է. «Ո՞նց դուրս գամ՝ Նիկոլի հրաժա­րականը պահանջեմ, որ 2018-ին դուրս էի եկել՝ ճամփա փակել, թե. «Նիկոլ, վարչապետ»: Հիմա ո՞նց ասեմ. «Նիկո՛լ, դավաճան», ինձ ինչ կասեն»: Պողոսը չի կարողանում իր մեջ հաղթահարել և ընդունել սխալված լինելու փաստը:

Պողոսը վախենում է հաշվե­հարդարից, վախենում է, որ կկորցնի իր «իշխանությունը» տեղական ֆեոդալի, գյուղապետի, մարզային «նախկինի» նկատմամբ, որը «հեղափոխությունից» հետո մի քիչ խելոքացել է ու պողոսի հետ զգույշ է վարվում: Բա որ իր տե­ղական «նախկինը» վերադառնա ու իր հետ հաշվեհարդար տեսնի՝ 2018-ի համար: «Հները որ գան, ժո­ղովրդի հախից գալու են»,- վստահ է պողոսը:

Արցախյան երկրորդ պատերազմի իշխանական բա­ցատրությանը պողոսը հավատում է, հավատում է, որ նոյեմբերի 9-ի ստորացուցիչ հայտարարությունը Փաշինյանը ստորագրել է, որպեսզի 20-30-35 հազար զինվորի կյանք փրկի: Պողոսը վստահ է, որ դրանով Փաշինյանը փրկեց իր ու իր որդու կյանքը: Պողոսը վստահ է, որ եթե նախկինները գան, նորից պատերազմ են սկսելու, ու նորից զոհեր ենք ունենալու: Պողոսը չի ուզում ընդունել, որ պարտված Փաշինյանի մնալով է պատերազմի վտանգն իր գլխին կախված, և արդեն ՀՀ տարածքում ու ավելի վատ հե­տևանքներով: Պողոսը չի ուզում հասկանալ, որ Փաշինյանն առանց պատերազմի էլ է հայերի տները, գյուղերը տալիս թուրքին, թուրքն էլ որտեղից ու երբ ուզի՝ հայերից գերի է տանելու, սպանելու է, քանի դեռ երկիրն անտեր է, ավելի ճիշտ՝ Փաշինյանի ձեռքին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: