գլխավոր Գլխավոր Դուք եք որոշել, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջանն է, այն ժամանակ ինչի՞...

Դուք եք որոշել, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջանն է, այն ժամանակ ինչի՞ չէիք մտածում. Փաշինյան

Այսօր, երբ յուրաքանչյուր օր մեր երկրի սահմանային բնագծերը GPS –ով փոխվում են, որպես կանոն՝ բացառապես ի նպաստ Ադրբեջանի, մենք շարունակում ենք ստանալ ահազանգեր Տիգրանաշեն համայնքից և այսօր այս ամբիոնից ուզում եմ, որ վարչապետը ասի բաց տեքստով, թե արդյոք Տիգրանաշենին, կամ այլ բնակավայրին չի սպառնում նույն ճակատագիրը, որը բաժին հասավ Շուռնուխ կամ Որոտան համայնքին, արդյոք այս իշխանությունը տալիս է այդ երաշխիքները: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նիկոլ Փաշինյանը ի պատասխան նշեց, թե երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ասվում են բաներ, որոնց բովանդակության նպատակը պետք է շատ լուրջ հասկանա: Նա հիշեցրեց, որ  կային ժամանկներ, որ քաղաքական գործիչներ կային, որոնք ասում էին՝ Ալիևի տեղը լինեմ կհարձակվեմ:

«Շուռնուխի ճակատագիրը որոշել եք դուք՝ 2010 թվականին վարչատարածքային բաժանման մասին օրենքին կողմ քվեարկելով, դուք, ձեր խմբակցությունը և այս դահլիճում կողմ քվերակողներ կան: Այդ ժամանակ որ ընդունում էիք այդ օրենքը, դրա մասին չէի՞ք մտածում: Ընդհանուր առմամբ Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, և կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծված չեն, մենք էլ ունենք այդպիսի օրակարգ և դա քննարկում ենք: Ինչո՞ւ այս ամբիոնից չեք հարցնում՝ Արծվաշեն գյուղի հետ ինչ է լինելու, հերիք ա ասեք Շուռնուխ, Շուռնուխ, դուք եք որոշել, որ Շուռնուխից էն կողմ Ադրբեջանն է, էն ժամանակ ինչի՞ չէիք մտածում, չքվեարկեիք կողմ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ չի արել սահմանների դեմարկացիա, և այն իրավական հիմքերով, որով որոշելվել է Վրաստանի և Հայաստանի սահմանը, նույն հիմքերով որոշվել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանը:

«Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզում կան հայկական տարածքներ, որոնք մինչ այսօր ադրբեջանական վերահսկողության ներքո են գտնվում, ինչո՞ւ այդ հարցերը չեք բարձրացնում: Ես ուզում եմ հասկանալ՝ մեր քաղաքական միտքը սնվում է բացառապես ադրբեջանական լրատվամիջոցների՞ց, մեր ընդդիմությունը սնվում է բացարձակապես ադրբեջանական խոսույթի՞ց»,-ասաց նա:

Իվետա Տոնոյանը նկատեց, որ ընդդիմությունը ադրբեջանական լրատվամիջոցներից չի սնվում, ինչը չի կարող ասել իշխանական շատ ներկայացուցիչների մասին: «Դուք, լինելով նախկին պատգամավոր, պետք  է որ շատ լավ իմանայիք, որ նույն ձեր մատնանշած  վարչատարածքային մասին օրենքով որևէ կերպ չեն ամրագրվել պետական սահմանները»,-ասաց նա և նկատեց, որ կոնկրետ հստակ պատասխան չի տրվել Տիգրանաշենի ճակատագրի մասին:

«Չեք կարծո՞ւմ, որ Դուք և ձեր թիմը սպառել եք ձեզ և պետք է հեռանանք»,-ասաց նա, իսկ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց.«Շատ լավ, սպառել ենք, եկեք գնանք արտահերթ խորհդրանական ընտրություններ անցկացնենք և տեսնենք՝ ով է սպառել, մենք ասում ենք՝ դուք չեք որոշում, մենք էլ չենք որոշում, թող որոշի ժողովուրդը: Մենք ասում ենք՝ նստենք, իրար հետ որոշենք ժամկետները, դուք ասում եք՝ եկեք նեղ կազմով որոշենք: ժողովրդի մասին ամենավերջին բառերն եք ասում, հիմա դուք ո՞ւմ դեմ եք՝ կառավարությա՞ն, թե՞ ժողովրդին, մեծ հավանականությամբ երկուսի, քանի որ ժողովուրդն է ընտրել կառավարությունը: Դուք ասում եք՝ գնանք վրանով որոշենք, վրանով չենք որոշում»,–ասաց նա: