գլխավոր Քաղաքականություն Հայաստանի սահմանների մոտ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ակտիվությունը շատ տագնապալի գործոն է․...

Հայաստանի սահմանների մոտ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ակտիվությունը շատ տագնապալի գործոն է․ Независимая газета

Փետրվարի 1-12-ը Անկարան և Բաքուն պատրաստվում են Կարս քաղաքում անցկացվելիք «Ձմեռ-2021» զորավարժություններին, Независимая газета-ում հրապարակված հոդվածում գրում է վերլուծաբան Վլադիմիր Մուխինը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունն այն մասին, որ Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակի զինծառայողները հատել են թուրք-ադրբեջանական սահմանը և ժամանել զորավարժությունների անցկացման վայր:

Սպասվում է, որ «Ձմեռ-2021» զորավարժություններին կմասնակցեն հատուկ ջոկատայիններ, դիպուկահար թիմեր, տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, ուղղաթիռներ:

Փորձագետներն արդեն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ օդադեսանտային զորքերի իջեցումը, որը պետք է մշակվի առաջիկա զորավարժությունների ընթացքում, ռազմական գործողությունների համեմատաբար նոր տարր է, որը Թուրքիան և Ադրբեջանը չեն օգտագործել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում։

Հոդվածագիրը նշում է, որ Կարս քաղաքը գտնվում է Հայաստանի հետ սահմանից ընդամենը 80 կմ հեռավորության վրա և որ այն Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղու խոշոր տրանսպորտային հանգույցն էր։ 

1993 թվականից ճանապարհը չի աշխատում, հիշեցնում է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Շամիլ Գարեևը, որի խոսքով՝ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացման մասին հայտարարության ստորագրումից հետո այն կարող է դառնալ համագործակցության կարևոր օբյեկտ: Գարեևի հաղորդմամբ՝ Կարսում այսօր տեղակայված է Թուրքիայի զինված ուժերի 9-րդ բանակային կորպուսի 14-րդ մեխանիզացված բրիգադը:

«14-րդ մեխանիզացված բրիգադի ստորաբաժանումները բանակային ավիացիայի գնդի և ադրբեջանական ուժերի հետ փոխգործակցությամբ կարող են հավանական հակառակորդի պաշտպանության խորքում տակտիկական օդային դեսանտի իջեցման աէրոմոբիլային ուսումնասկան վարժանք կատարել և Կարս–Գյումրի երկաթուղով կազմակերպել 14-րդ մեխանիզացված բրիգադի հիմնական ուժերի առաքումը հնարավոր մարտական գործողությունների գոտի: Հիմա՝ մանևրների շրջանակներում, դա կլինի Թուրքիայի տարածքը։ Բայց ես չեմ բացառում, որ տեղագրական քարտեզներում կնշվի նաև Հայաստանի տարածքը»,– հաշվի առնելով Անկարայի և Բաքվի աշխարհաքաղաքական շահերը՝ թերթին ասել է Գարեևը։

Փորձագետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի առաջնորդը բազմիցս հայտարարել է, որ Արցախյան պատերազմի արդյունքում «ներկայիս աշխարհաքաղաքական դասավորությունն իրեն այնքան էլ ձեռնտու չէ»՝ նկատի ունենալով Սյունիքի մարզը, Սևանը և Երևանը, որոնք Ալիևն «ադրբեջանական պատմական հողեր է անվանել»:

«Հայաստանի սահմանների մոտ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ակտիվությունը շատ տագնապալի գործոն է։ Ուզում եմ հուսալ, որ Գյումրիի 102-րդ ռազմակայանը և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները զսպող ուժի դեր կխաղան։ Պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի ակտիվ անդամ է և ագրեսիայի դեպքում կազմակերպությունում ընդգրկված երկրները օգնության ձեռք կմեկնեն իրենց գործընկերոջը»,- հայտնել է պահեստազորի գեներալ- լեյտենանտ Յուրի Նետկաչևը, որը ժամանակին ծառայել է Անդրկովկասում:

Սակայն հազիվ թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներից որևէ մեկը կարողանա խանգարել Ադրբեջանի տարածքում թուրքական ուժերի տեղակայմանը, գրում է թերթը։

2021 թվականի առաջին երկու շաբաթներին Թուրքիայից Ադրբեջան է ժամանել ավելի քան 40 ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ Ինչ է բերվել՝ մնում է առեղծված. թուրքական սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել Ադրբեջանում թուրքական ռազմակայանների բացման մասին։ Այդ լուրերը պաշտոնապես հերքվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից, սակայն դե ֆակտո հայտնի է, որ ադրբեջանական որոշ օդանավակայաններում դեռևս անցյալ տարվանից եղել են թուրքական F-16 կործանիչներ, եզրափակել է հեղինակը։