գլխավոր Հարցազրույց Ինչո՞ւ է անկում ապրում բեռների և ուղևորների փոխադրումների ծավալը

Ինչո՞ւ է անկում ապրում բեռների և ուղևորների փոխադրումների ծավալը

2020 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գրանցել է բեռնափոխադրումների` որոշակի և ուղևորափոխադրումների ծավալների զգալի կրճատում: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Անցած տարի երկաթուղով փոխադրվել է 3 միլիոն 201 հազար տոննա բեռ, ինչը 0,4 տոկոսով պակաս է, քան 2019-ին, երբ բեռնափոխադրումների ծավալը կազմում էր 3 միլիոն 212,5 հազար տոննա: Կրճատվել են երկաթուղային արտահանումն ու ներմուծումը. արտահանումը կազմել է 483,5 հազար տոննա (անկումը՝ 14,4%), ներմուծումը ՝ 695,0 հազար տոննա (անկումը՝ 15,0%): Բեռնափոխադրումների նվազումը արտահանման-ներմուծման հաղորդակցություններում մասամբ փոխհատուցվել է ներհանրապետական բեռնափոխադրումների աճով: 2020 թվականին տեղափոխվել է 304,6 հազար ուղևոր, ինչը 28,6 տոկոսով զիջում է 2019 թվականի ցուցանիշին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ ուղևորների թվի նվազման հիմնական պատճառն անցած տարվա մարտից միջպետական ուղևորափոխադրումների դադարեցումն է, որի արդյունքում միջազգային հաղորդակցությունում տեղափոխվել է ընդամենը 3,4 հազար ուղևոր:

2019 թվականին այս ցուցանիշը գերազանցել է 72,8 հազարը: Տեղական հաղորդակցությունում անցյալ տարի տեղափոխվել է 301,1 հազար ուղևոր:

Միևնույն ժամանակ, փոխադրումների գործընթացից ստացած ընկերության եկամուտները տարեկան կտրվածքով կրճատվել են 6,2%-ով: