գլխավոր Հասարակություն ՀՀ-ում ծխախոտի ակցիզային հարկը կբարձրացվի այնքան, որքան ՌԴ-ում է

ՀՀ-ում ծխախոտի ակցիզային հարկը կբարձրացվի այնքան, որքան ՌԴ-ում է

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն այսօր ԱԺ-ում քննարկման ներկայացրեց ԵԱՏՄ անդամ պետությունների ծխախոտային արտադրանքների ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը, հայտնում է Aravot.am-ը։

Գալիք 4 տարիների ընթացքում ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը ԵԱՏՄ անդամ պետություններում պետք է ներդաշնակեցվեն: 1000 գլանակի համար 35 եվրոյին համարժեք ազգային արժույթ է ներկայումս, ու կարող են շեղումներ լինել 20 տոկոսի չափով: Հայաստանում 1000 գլանակի հաշվով ակցիզային հարկը 11 հազար 70 դրամ է կազմում, արդեն իսկ ընդունված օրենքներով նախատեսվում է տարեկան 15%-ով մինչեւ 2023 թվականը բարձրացնել: Տարեկան 28 եվրոյից վեր էր լինելու այդ հաշվարկով: Հիմա միգուցե նախատեսվի ավելի բարձրացնել:

ՍԴ-ն դեկտեմբերի 8-ին այս համաձայնագիրը քննարկել է ու որոշել է, որ այն Սահմանադրությանը համապատասխանող է:

«Իմ քայլը» խմբակցությունից Հովհաննես Իգիթյանը հարցրեց՝ այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի պարագայում կխրախուսի արտահանո՞ւմը, թե՞ ներմուծումը, դա մեր բյուջետային եկամտային մասի վրա ի՞նչ ազդեցություն կունենա: Փոխնախարարը պատասխանեց, որ եթե այսօր էական շեղում ունենք ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համեմատած, տարիների ընթացքում այդ շեղումը կկրճատվի ու ԵԱՏՄ-ում պայմանական միասնական շուկա կձեւավորվի ծխախոտի արտադրանքի. «ՌԴ, Ղազախստան, օրինակ, արտահանելու դեպքում մեր արտահանողները վճարում են տվյալ երկրի ակցիզային հարկը, հետեւաբար այստեղ մեր արտահանողները բացասական ազդեցություն չեն ունենա: Ինչ վերաբերում է երկրորդ հարցադրմանը՝ կհանգեցնի միանշանակ հարկային եկամուտների աճին»:

Aravot.am