գլխավոր Քաղաքականություն Իմքայլականների առաջին խոստովանությունը

Իմքայլականների առաջին խոստովանությունը

Իմքայլականները երեկ ԱԺ բարձր ամբիոնից խոստովանեցին, որ տապալել են հանքարդյունաբերության ոլորտի ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքները։ «Մենք ձախողել ենք քննիչ հանձնաժողովի գործունեությունը, եւ դրա մեջ ես իմ մեղքի բաժինը տեսնում եմ»,-ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հայտարարելով, որ հանձնաժողովը բավարար ռեսուրս չի ունեցել՝ պարզելու հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները։ «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ Թումանյանի «Սասունցի Դավիթ» էպոսից մեջբերումներ անելով հասկացրեց, որ քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակով հանձնաժողով են ձեւավորում, հետո տապալում այն։

Նրա խոսքով՝ չի կարող նման ծանր ոլորտն ուսումնասիրող հանձնաժողովի պատրաստած զեկույցն ընդամենը 5-6 էջ լինել, որում բացակայում են թվերն ու վերլուծությունները։ Հանձնաժողովը, հիշեցնենք, ստեղծվել էր 2019 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ԲՀԿ-ի առաջարկությամբ, որին միացել էին նաեւ ԼՀԿ-ի պատգամավորները։ Առիթն Ամուլսարի հանքավայրն էր, բայց պետք է ուսումնասիրեին ընդհանուր ողջ ոլորտը։ Հանձնաժողովի նախագահն էլ այն ժամանակ դեռեւս ԲՀԿ խմբակցության անդամ, այժմ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էր։ Եվ քանի որ նա ամիսներ առաջ լքել է խմբակցությունը՝ հարելով իշխանություններին, դրա համար էլ իմքայլականները չկարողացան «դուխով» մեղադրել իշխանության հովանու ներքո գործող Բագրատյանին՝ հանձնաժողովի աշխատանքները տապալելու համար։ Հակառակը՝ մեղքի մեծ բաժինն իրենց վրա վերցրին։

«Հանձնաժողովի աշխատանքն ի սկզբանե պետք է ձախողված լիներ, որովհետեւ ես՝ ինքս, բացահայտ ասել եմ, որ Ազգային ժողովը մասնագիտական ռեսուրսներ չունի, որ կարողանա այդ փաստաթղթերն ամբողջ ծավալով ուսումնասիրի ու դրանց արժանահավատությունը ստուգի»,- մեզ հետ զրույցում ասաց Բաբկեն Թունյանը։

– Այդ դեպքում ինչո՞ւ ձեւավորեցիք այդ հանձնաժողովը։

– Իրավունքի ուժով մեր ընդդիմադիր գործընկերներն են ձեւավորել այս հանձնաժողովը։

– Պատասխանատվությունը կամ մեղքի բաժինը հիմա ո՞ւմ դաշտում է։

– Մեղքի բաժինն այն է, որ ձեւավորվել-վերջացել էր արդեն, գոնե ինչ հնարավոր էր, կարողանայինք անել, բայց չկարողացանք անել։

– Ձեր գործընկեր Գեւորգ Պապոյանն էլ ասաց, թե քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար հանձնաժողով եք ձեւավորում, որը հետո արդյունք չի տալիս։

– Ես չեմ ուզում հարցը քաղաքական տիրույթ տանել, բայց ակնհայտ է, որ այդտեղ էդ հանձնաժողովի, տեսեք՝ Դուք էլ Ձեր հարցը ձեւակերպելիս ասացիք, որ սա Ամուլսարի հանձնաժողովն է, որովհետեւ մարդկանց մեջ դա հենց էդպես էլ ընկալվեց, որ սա Ամուլսարի հարցերով հանձնաժողով պիտի լինի, մինչդեռ Հայաստանում կան մի շարք խոշոր հանքարդյունաբերական ընկերություններ, որոնք փաստացի ավելի շատ ուսումնասիրման նյութ ունեն, քան դեռ չգործող էդ հանքավայրերը։

– Փաստորեն, հիմա իշխանությունը խոստովանում է, որ գոնե այս մասով վատ է աշխատել կամ ձախողել է։

– Ոչ թե վատ է աշխատել կամ ձախողել է, այլ էդ հանձնաժողովն իր առաջ դրած խնդիրը չի կարողացել լուծել, թե ինչ պատճառներով, չեմ կարծում, որ մի հատ էլ քննիչ հանձնաժողով դրա համար պիտի ստեղծենք, որ հասկանանք։ Բայց պատճառները բազմաթիվ են, նախ՝ առաջինը պետք է նշեմ, որ էդ հանձնաժողովը չուներ բավարար ռեսուրս, Ազգային ժողովը, ընդհանրապես, ինստիտուցիոնալ կարողությունների խնդիր ունի։

– Հայտնի խոսք կա, որ «եթե ուզում ես ինչ-որ բան տապալել, հանձնաժողով ձեւավորիր»։

– Կա այդ խոսքը, իհարկե, դրա համար ցանկացած հանձնաժողով ձեւավորելուց առաջ պետք է հստակ հասկանալ՝ ինչ խնդիր է դրվում, ու հանձնաժողովն էդ խնդիրն ի վիճակի՞ է լուծել, թե՞ չի լուծելու։

– Դուք ասում եք՝ ռեսուրս չունեք, որ պատշաճ ձեւով ուսումնասիրեք, Պապոյանն էլ ասաց, որ նման հանձնաժողովի ներկայացրած զեկույցը չի կարող լինել ընդամենը 5-6 էջ, բայց հիշեցնեմ, որ նախկին իշխանության օրոք, երբ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի գլխավորությամբ ձեւավորվել էր «գազի հարցերով հանձնաժողով», դրա զեկույցը 1000 էջից ավելի էր։ Հիմա ինչպե՞ս եղավ, որ նախկինների օրոք այդ ռեսուրսը կար։

– Քննիչ հանձնաժողովները ձեւավորվում են կոնկրետ պատգամավորների կամ խմբակցությունների նախաձեռնությամբ, հիմա «Իմ քայլի» նախաձեռնությամբ ստեղծվել է ապրիլյանի հարցերով քննիչ հանձնաժողով, որն էլի բավականին ծավալուն զեկույց է հրապարակել, «Իմ քայլի» նախաձեռնությամբ ձեւավորվել է նաեւ ջրօգտագործողների հետ կապված քննիչ հանձնաժողով, եւ, իմ իմանալով, էնտեղ էլ բավականին լուրջ աշխատանք է արվել։ Մնացածի մասով, օրինակ՝ այս հանձնաժողովը ձեւավորվել է ԲՀԿ-ի նախաձեռնությամբ, մի հատ տրանսպորտի հարցերով կա ձեւավորված՝ էլի ԲՀԿ-ի նախաձեռնությամբ, մի հատ էլ ձեւավորվեց «Լուսավոր Հայաստանի» կողմից՝ քովիդի հետ կապված։ Այսինքն՝ իրենք ազատ են դա ձեւավորել, վերջում՝ թե ինչով է տարբերվում, որ մեկի դեպքում՝ արդյունքը լավն է, մյուսի դեպքում վատը, դա արդեն․․․

– Ուզում եք ասել՝ «Բարգավաճ Հայաստա՞նը» տապալեց հանձնաժողովի աշխատանքները։

– Ոչ թե ԲՀԿ-ն տապալեց, այլ ԲՀԿ-ն ձեւավորել է հանձնաժողով՝ իրավունքի ուժով, իսկ էդ հանձնաժողովը չի կարողացել լուծել էդ խնդիրը։ Հիմա մեկն էլ կարող է համարել, որ կարողացել է լուծել։ Իմ գնահատականով՝ այդ հանձնաժողովն իր առջեւ դրած խնդիրը չի կատարել։ Մենակ էն փաստը, որ էդ ընկերությունների 80 տոկոսի ֆինանսական հաշվետվությունները մեր ձեռքի տակ չկան, միայն դա բավարար է, որ չստացվեր։ Օրինակ՝ հաշվետվության մեջ գրված է, որ էսինչ տողում էսքան փող է ծախսվել, ինչի՞ վրա է ծախսվել՝ բացվածքը, նպատակը եւ այլն․ էդ հարցերը պարզելու համար մենք պետք է մարդկանց հետ զրուցեինք, իսկ իրենք ԱԺ չէին եկել։

– Օրինակ՝ ո՞ւմ եք փորձել, որ չի ստացվել բերել։

– Մենք բոլոր ընկերությունների ցանկը տվել էինք հանձնաժողովի նախագահին, ով էլ զբաղվել է կազմակերպչական հարցերով, այսինքն՝ ում է դիմել, ով ինչ է պատասխանել, էդ հարցերին ինքը կարող է պատասխանել։

– Այսինքն՝ Սերգեյ Բագրատյա՞նն է նաեւ թերացել իր աշխատանքում։

– Չեմ ուզում ասել՝ թերացել, պարոն Բագրատյանը հարցումներն ուղարկել է, հիմա թե ինչու չեն եկել, որը ինչ է պատճառաբանել, որքանով է դա հիմնավոր, պետք է առանձին գնահատել։

– Դուք Ձեր ելույթում ո՞ր ընկերությանն էիք ակնարկում, երբ ասացիք՝ վնասով է աշխատում, բայց բարեգործություններ է անում։

– Ամենախոշոր հանքարդյունաբերող ընկերությունը Հայաստանում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

– Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ այդ նույն՝ «վնասով աշխատող» կոմբինատից 2018 թվականին ՊԵԿ-ը խնդրում է, որ ձեւական մի քանի միլիարդի հարկ գանձի՝ բյուջեում ցույց տալու համար, որ այդքան մուտք է եղել, հետո այդ հարկը հետողորմյա է անում՝ իբր սխալմունք, եւ հետ ուղարկում կոմբինատին։

 – Կարող է ընկերությունը վնասով աշխատի, բայց հարկերը վճարի։

– Ու ներքին կարգով օգնի պետությանը։

– Ուրեմն, Ձեր ասած՝ շահույթով կամ վնասով աշխատելը կապված է շահութահարկի հետ, մնացած հարկատեսակները շահույթի հետ կապված չեն։ Այսինքն՝ ինքը, անկախ նրանից՝ շահույթով է աշխատել, թե վնասով, վճարում է եկամտահարկ, վարում է ԱԱՀ եւ այլ հարկեր։ Այդ թեման հանձնաժողովի ուսումնասիրման տիրույթում չէր։

– Հիմա Ամուլսարի հարցն այդպես էլ մնաց օդում կախվա՞ծ։

– Ամեն դեպքում, այս պահին դեռ որեւէ որոշում չկա։