գլխավոր Միջազգային Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին

Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին

Երեքշաբթի օրը Թուրքիայի զինված ուժերը շարունակել են հարվածել Սիրիայի հյուսիսային շրջաններին, հայտնում է almasdarnews.com թերթը:

Համաձայն Հալեպի նահանգապետարանի տեղական աղբյուրի, Թուրքիայի զինված ուժերն իրենց աջակցությունը վայելող զինյալ խմբավորումների հետ հարվածներ են հասցրել Սիրիայի ժողովրդավարական ուժերի դիրքերին` թիրախավորելով Ալ-Բաբ քաղաքի շրջակայքը:

Աղբյուրը մանրամասնել է, որ Թուրքիայի զինված ուժերը մի քանի հրետանային արկեր ու հրթիռներ են արձակել Սիրիայի ժողովրդավարական ուժերի դիրքերի ուղղությամբ, սակայն վերջիններս պատասխան կրակ չեն բացել` չխախտելով հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը:

Ալ-Բաբը թիրախավորելուց բացի, թուրքական զինուժը ու թուրքամետ զինյալները շարունակել են իրենց հարձակումներն Ալ-Հասաքե նահանգի Թալ Թամր շրջանի վրա: Նրանց արձակած հրետանային արկերն ընկել են Սիրիայի արաբական բանակի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի տեղակայման վայրի մերձակայքում:

Թերթը նշում է, որ չնայած 2019 թվականին ձեռք է բերվել հրադադարի մասին համաձայնություն, Թուրքիան պարբերաբար շարունակում է թիրախավորել Սիրիայի հյուսիսային շրջանները, որտեղ տեղակայված են Սիրիայի ժողովրդավարական ուժերը, քանի որ Անկարան այն համարում է ահաբեկչական խմբավորում:

Tert.am