գլխավոր Իրադարձային Չեմ տեսնում, որ մեր ԱԳՆ-ն կամ որևէ կառույց, բացի ՄԻՊ գրասենյակից, կարողանա...

Չեմ տեսնում, որ մեր ԱԳՆ-ն կամ որևէ կառույց, բացի ՄԻՊ գրասենյակից, կարողանա ադեկվատ գործել. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով այսօր առաջացել է այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել նրանց: Ավելին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարվեցին 64 հոգի, 62-ը՝ Գյումրիի ՄՈԲ-ից, 2-ը՝ Արմավիրի մարզից:

«Այդ գերեվարված անձանց նրանք համարում են դիվերսանտներ, և միջազգային բոլոր կառույցները ողողել են հայտարարություններով, որ նրանք ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ են, և նրանց գերեվարել են հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու արդյունքում: Ես չեմ տեսնում, որ մեր Արտաքին գործերի նախարարությունը կամ որևէ կառույց, բացի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից,  կարողանա ադեկվատ գործել ստեղծված իրավիճակում: Մենք ունեինք շանս, դա հունվարի 11-ն էր, երբ  Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մոսկվա և նախապես ավետեց, որ իր հիմնական խնդիրը լինելու է ռազմագերիների խնդիրը: Վստահ եմ, որ եթե նա նախապես դներ ռազմագերիների խնդիրը և հրաժարվեր ստորագրել ադրբեջանցիների համար կենսական նշանակության փաստաթուղթը, որով Ադրբեջանն իրականացրեց իր վաղեմի երազանքը, առավել քան վստահ եմ, որ Ադրբեջանը կգնար այդ նախապայմանին և կընդուներ այդ նախապայմանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ ամեն օր կապի մեջ է ռազմագերիների ծնողների հետ, որոնք ասում են, որ հույսը միայն իրենց հետ են կապում: Որպես պատգամավոր՝ այդ խնդրի լուծման համար անում է հնարավոր ամեն ինչ:

Անդրադառնալով Գյումրի կատարած այցի ժամանակ Վազգենի Մանուկյանի բնորոշմանը, որը նա տվել էր ցույց անող մի քանի քաղաքացիների և ասել, որ նրանք «բոմժեր» են, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ միանում է դրա հետ կապված  Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ նման արտահայտությունն անընդունելի է.

«Հասկանում եմ, որ երբեմն էմոցիաներն այնպես են խտանում, և այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, որ չես կարողանում մնալ ադեկվատ լեքսիկոնի մեջ: Մենք քաղաքական գործիչներ ենք և չպետք է տրվենք սադրանքների: Իհարկե, ես չեմ հրաժարվի ժեխ բառի օգտագործումից»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում