գլխավոր Քաղաքականություն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ սակագների վերանայման մասին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ սակագների վերանայման մասին

Արդեն 6 ամիս է, ինչ գործում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները, ըստ որոնց՝ բնակիչ-բաժանորդներին վաճառվող բնական գազի սակագները մնացել են անփոփոխ, իսկ խոշոր սպառողների համար՝ բարձրացել են:

Թեև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդամենն ամիսներ առաջ է  ընդունել այս որոշումը, այդուհանդերձ, ըստ տնտեսագետների  որոշ շրջանակի՝ չի բացառվում, որ շուտով ականատեսը կլինենք բնական գազի գնի նոր թանկացման՝ այդ թվում բնակիչ-սպառողների համար: Հիմնավորումը դրամի արժեզրկման միտումներն են,  դրամ/դոլար փոխարժեքի տատանումները: Նկատենք՝ գազի ձեռքբերման գինը, որը սակագնի սահմանման մեջ գերակշիռ դերն ունի, հաշվարկվում է դոլարային մեծությամբ:

168.am-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից գրավոր հարցմամբ հետաքրքրվեց՝  հնարավո՞ր է արդյոք՝ ընկերությունն առաջիկայում բնական գազի սակագնի վերանայման նոր հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

Ի պատասխան՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ  Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից մեզ հայտնեցին.

««Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ սակագների գործողության ժամկետը վեց ամսից պակաս չի կարող լինել:

Բնական գազի սակագների ձևավորման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, որոնց ազդեցության համալիր վերլուծության արդյունքներով ընկերությունը մշտադիտարկում է սակագների վերանայման հայտ ներկայացնելու նպատակահարմարությունը: Անհրաժեշտություն առաջանալու դեպքում տրվում է պատշաճ ծանուցում»: