գլխավոր Քաղաքականություն Հրամանատարին վիրավորելու համար Անդրանիկ Քոչարյանը չի պատժվի

Հրամանատարին վիրավորելու համար Անդրանիկ Քոչարյանը չի պատժվի

Զորամասերից մեկի հրամանատարին՝ Կ․Եղիազարյանին Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից նվաստացնելու եւ սպառնալու դեպքով ՀՔԾ-ն պատգամավորի նկատամբ քրեական հետապնդում չի իրականացրել։

Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից։

«Նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»։

Նշենք, որ իր հետ պատահածի մասին հրամանատարը զեկուցել էր այն ժամանակ դեռ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ Նա, մասնավորապես, նշել էր․ «Ինձ բերման են ենթարկել ՌՈ վարչություն, որտեղ էլ մեքենաս ենթարկել են խուզարկության, ըստ իրենց` ապօրինի զենք, զինամթերք հայտնաբերելու մտադրությամբ:  Խուզարկությունը վերջացնելուց հետո գնացել եմ ՌՈ պետի աշխատասենյակ, որտեղ ներկա է գտնվել նաև ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Ինձ տեսնելուն պես Քոչարյանը սկսել է սպառնալիքներ հնչեցնել` տարբեր անհիմն և մտացածին մեղադրանքներ ներկայացնելով: Քոչարյանը իմ ներկայությամբ ՌՈ պետին հրահանգել է, որ եթե ես մինչև վաղը կեսօր չներկայացնեմ պաշտոնից ազատման զեկուցագիր, ինձանով զբաղվի և գործ սարքի իմ գլխին»։

Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՔԾ-ի այդ որոշումը բողոքարկել են դատախազություն, այնտեղից էլ պաշտոնական պատասխան են ուղարկել, որ Անդրանիկ Քոչարյանն ի պաշտոնե կարող է հրամանատարին հարցեր ուղղել։