
Պատերազմից առաջ ու դրանից հետո մեծ ռիսկեր են առաջացել մեդիա անվտանգության տեսանկյունից: Մեզ համար չնչին թվացող տեղեկատվությունն անգամ թշնամու համար էական է, այդ պատճառով հիմա, առավել քան երևէ կարևոր է ուշադիր լինել անձնական տեղեկություններ տարածելիս, տարբեր սոցհարթակներում շփվելիս և աշխատանքային կասկածելի առաջարկներն ընդունելիս:
Այդպիսի կասկածելի աշխատանքային առաջարկի մասին էլ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը, կցելով հավելվածի նկարները:
«1 շաբաթում 10 հոգի ցանկություն է հայտնել 18$-ի դիմաց իրենց iPhone ներբեռնել ինչ-որ անծանոթ հավելված ու սելֆի-կամերան միացնելով՝ տեսաձայնագրվել՝ կատարելով էկրանին հայտնվող առաջադրանքները։ «Աշխատանքը» նախատեսված է Կապանի բնակիչների համար»,- գրել է նա:
Մեկնաբանություններում անմիջապես բանավեճ սկսվեց. ոմանք պնդում են, որ այն աշխատում է թշնամուն տեղեկություններ տրամադրելու ուղղությամբ, մյուսներն էլ, որ ծրագիրը համաշխարհային հետազոտական բնույթ է կրում և ուղղված չէ Հայաստանի դեմ:
Պապյանի վերջին երկու օրերերի ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ տվյալ ընկերությունը համաշխարհային ծրագիր է իրականացնում` տարբեր երկրներից տեսանյութեր հավաքելով: Հնարավոր է, որ ծրագիրը հետազոտական է և ըստ Պապյանի, խնդիրը ոչ այնքան այդ հավելվածն է, այլ այն, որ հետպատերազմյան իրավիճակում մեր երկրում մարդիկ կարող են հեշտությամբ հավատալ դրան ու դիմումներ ներկայացնել:
Մինչև այս` հատկապես պատերազմի օրերին, տեղեկատվական անվտանգության մասնագետներն ահազանգում էին թարգմանիչների համար նախատեսված հարթակների մասին, որտեղ մեծ պահանջարկ կար թարգամաելու հայկական քաղաքական գործիչների ֆեյսբուքյան ստասուսները:
Պապյանին և ոլորտի մյուս մասնագետներին մտահոգում է այն , որ մարդիկ բավականաչափ տեղեկացված չեն ու հեշտությամբ են վստահում հավելվածներին, անհայտ էջերին ու հայտարարություններին:
Քանի որ ընտրված է հենց Կապան քաղաքն ու Երևանը, կասկած է առաջանում, թե ինչու է գործատուն տեղեկություններ ուզում ստանալ հենց այդ երկու քաղաքներից:
Պապյանը նշում է, որ անգամ եթե տվյալ հավելվածը վտանգավոր չէ, մարդիկ պետք է զգույշ լինեն նմանատիպ կասկածելի առաջարկներից: Մասնագետը խորհուրդ է տալիս ցանկացած անհասկանալի հավելված և կասկածելի առցանց աշխատանքային առաջարկներ տեսնելու դեպքում բարձրաձայնել, քննարկել և տեղեկությունը հասանելի դարձնել հասարակության համար, քանզի այս շրջանում անվտանգությունն ամենակարևորն է: