գլխավոր Իրադարձային Վարոսյանը՝ Միրզոյանի՝ գործակալ լինելու տեղեկության մասին. Tert.am

Վարոսյանը՝ Միրզոյանի՝ գործակալ լինելու տեղեկության մասին. Tert.am

Չգրված օրենք կա, որ հատուկ ծառայությունները գործակալ լինելու մասին տեղեկությունները ո՛չ հերքում են, ո՛չ էլ հաստատում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ԱԱԾ-ն հերքել է փաստը, որ Արարատ Միրզոյանը ԱԱԾ գործակալ է:

«Ընդունենք, եթե մեկ այլ գործակալի մասին բացահայտված տեղեկություն է լինում, այդ դեպքում ի՞նչ պիտի լինի, ԱԱԾ-ն պիտի հաստատի՞: Ոչ մի հատուկ ծառայություն երբեք չի հաստատում, չի բացահայտում իր գործակալին, իսկ եթե սկսում են հերքել, դա նշանակում է՝ մյուսներին էլ պիտի հերքեն կամ հաստատեն: Հենց սրանից խուսափելու համար է, որ հատուկ ծառայությունները նման բաները չեն մեկնաբանում»,- ասել է փաստաբանը:

Թե ինչու ՀՀ ԱԱԾ-ն որոշեց ոչ աշխատանքային օրով, ուշ ժամի անպայման հաղորդագրություն տարածել՝ համեմելով անհասկանալի իրավահպատակ բառով, փաստաբանն ասաց, որ պարզ է, որ եղել է քաղաքական հրահանգ՝ շտապ տարածել այդպիսի հաղորդագրություն:

«Ցավալի է, որ ԱԱԾ-ն հրահանգը տվողին անգամ այդ հարցում չի կարողանում դիմադրել: Դա էր պատճառը, որ հայտարարությունը տարածվեց: Բայց այդ հերքումն իրականում ոչինչ չի նշանակում, քանի որ բնական է, որ եթե Արարատ Միրզոյանը եղել է գործակալ, ԱԱԾ-ն դա չէր հաստատելու, ուստի դա հերքում է հերքման համար ընդամենը»,- ասել է փաստաբանը:

Դիտարկմանը, թե այլ երկրներում ինչպիսի ընթացակարգ կստանար այս հարցը, փաստաբանն ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու ենք մենք Հայաստանը համեմատում մնացյալ նորմալ երկրների հետ:

«Հայաստանը լավագույն դեպքում կարելի է համեմատել, օրինակ, Սիերա Լեոնեի կամ Կամբոջայի հետ, այն էլ՝ դա էլ է այսօր կասկածելի, և չի կարելի համեմատել, քանի որ, ի տարբերություն Հայաստանի՝ այդ երկրներում այնուամենայնիվ գոյություն ունի պետություն: Մեր երկրում, ցավոք սրտի, պետականություն գոյություն չունի, կա որոշակի պետականության իմիտացիա այսօր, որն ընդամենը ձևական է: Դրա համար էլ այսօր Հայաստանում ամեն ինչ էլ հնարավոր է»- ասել է փաստաբանը:

Երվանդ Վարոսյանն ասաց, որ այս իշխանության պարագայում Հայաստանը պետականություն չունի: Նրա խոսքով՝ կպարզվի արդոք, որ Արարատ Միրզոյանը գործակալ է, թե ոչ, այդ բոլոր հարցերի պատասխանները կարող են տրվել միայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո:

«Նախքան դա, ես ինչքան էլ ներկայացնեմ իրավական գործընթացները, ասեմ, որ արդեն քրեական գործ պիտի հարուցված լիներ, արդեն պիտի առնվազն կասեցված լիներ Արարատ Միրզոյանին գործունեությունը, անիմաստ է: Ոչ մեկին այսօր հետաքրքիր չէ Հայաստանը: Ո՛չ Արթուր Դավթյանն է այն գլխավոր դատախազը, որն այդ քրեական գործը կհարուցի, ո՛չ էլ Սասուն Խաչատրյանն այն անձն է, ով օբյեկտիվ քննություն կարող է իրականացնել: Այսինքն` լավագույն դեպքում մենք ունենալու ենք ծածկադմփոց այդ կառույցների կողմից, որոնք ուղիղ ենթակա են Նիկոլ Փաշինյանին»,- նշել է փաստաբանը

Նրա խոսքով՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի աթոռը, ո՛չ այս հարցի, ո՛չ էլ այն կարևորագույն հարցերի շուրջ, թե ինչու Հայաստանը ռազմական առումով 2 տարվա մեջ թուլացրին, ինչու արցախյան բանակցությունները դիտավորությամբ փակուղի մտցրին, ինչու պատերազմում մենք պարտվեցինք, այս բոլոր հարցերի պատասխանները մենք չենք ստանա:

«Դրա համար այսօր, եթե կան մարդիկ, որոնք ուզում են այդ հարցերի պատասխանները ստանալ, պիտի զբաղվեն միայն մեկ բանով՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի աթոռից հեռացում: Չկա որևէ լծակ՝ Արարատ Միրզոյանին հեռացնելու իր պաշտոնից, սա քաղաքական հարց է, ամեն ինչն է քաղաքական հարց դարձել մեր երկրում, մենք չունենք գործադիրից անկախ գործող այն դատախազությունը կամ նախաքննական մարմինները, որոնց համար միևնույն կլինի, թե ով է օրվա իշխանությունը, և իրենք իրենց լիազորությունները կիրականացնեն: Եթե անգամ նրանցից մեկը փորձի այդ քայլն անել, Նիկոլ Փաշինյանը երկու ժամում նրան պաշտոնից դուրս կշպրտի»,- ասել է Երվանդ Վարոսյանը: