գլխավոր Գլխավոր Վստահ ենք՝ ցանկություններից ստեղծված այս գործը չի կարող երկար կյանք ունենալ․ «Այբ»...

Վստահ ենք՝ ցանկություններից ստեղծված այս գործը չի կարող երկար կյանք ունենալ․ «Այբ» կրթական հիմնադրամ

Դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը օրեր առաջ Ֆեյսբուքի իր էջում հայտատարարություն էր տարածել առ այն, որ քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի իրականացրած ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։

Դատախազության հայտարարությանը արձագանքել է «Այբ» հիմնադրամի մամուլի ծառայությունը, որում մասնավորապես ասվում է․

«Դատախազությունը շտապեց հայտարարել 2014-2018 թթ. «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում թույլ տրված «հնարավոր չարաշահումների» մասին՝ 8.3 մլն ՀՀ դրամի չափով։ Ընդ որում՝ խոսքը նվիրատվության մասին է, իսկ ծրագրի ընդանուր արժեքը շուրջ 2.5 մլրդ դրամ է։ Սա երկուսուկես տարվա ամենատարբեր ջանքերի ու փորձերի հերթական դրսևորումն է «Այբ» կրթական հիմնադրամի դեմ, և ինչպես նախկինում չի հաջողվել ներկայացնել որևէ չարաշահման հիմնավորում կամ փաստ, այնպես էլ հիմա, վստահ ենք, որ ցանկություններից ստեղծված այս գործը չի կարող երկար կյանք ունենալ։ Մենք պատրաստ ենք ամբողջությամբ ներկայացնել մեր այս պնդման հիմքերը և պայքարել անօրինական գործողությունների դեմ։ Նաև շատ բարձր ենք գնահատում, որ երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների ու ակնհայտ ապօրինությունների համատեքստում դատախազությունն ուշադրության է արժանացրել 15 հազար դոլարի «հնարավոր չարաշահումը»։ Կարծում ենք, որ ԿԳ նախարարության կողմից ծրագիրը կասեցնելու որոշման հետևանքով է փոշիացվել այդ ամբողջ գումարով ձեռք բերված եզակի կրթական արդյունքը և համոզված ենք՝ վաղ թե ուշ դատախազությունը ստիպված կլինի դրան իրավական գնահատական տալ»։

«Այբ» հիմնադրամի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Նվարդ Առաքելյանը Onnet.am-ին հայտնեց, որ այս պահին ավելին ասել չեն կարող, քանի որ այժմ ունեն այն, ինչն ունեն, այսինքն՝ հայտարարություն Դատախազության կողմից և ֆեյսբուքյան մեկնաբանություն իրենց կողմից։ «Հետագայում ըստ զարգացումների մենք ավելի մանրամասն կներկայացնենք մեր մոտեցումները։ Այս պահին չունենք նոր բան ասելու, քանի որ իրենց առաջնային հայտարարությանը մենք արդեն արձագանքել ենք, իսկ հետագայում, ըստ զարգացումների, կլինի ավելի ծավալուն մեկնաբանություն»,- նշեց Նվարդ Առաքելյանը։