
Գերիների հետ կապված հարցով անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք և այդ առումով պետք է գտնել այն ճիշտ ձևաչափը, որով կարելի է աշխատել։ ԱԺ-ում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրվական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Մենք առաջարկել ենք աշխատանքային խմբի ձևավորում, որովհետև մեր միջազգային գործընկերներին պետք է ամենօրյա ռեժիմով տեղյակ պահենք խնդիրների մասին, միջազգային հարթակներում պետք է խոսենք այս մասին։ Ընդամենը օրեր առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված հայտարարության տեքստ քննարկվեց և ընդունեցինք հայտարարություն, որում արտացոլված էր մեր դիրքորոշումն այն ռազմագերիների նկատմամբ, որոնք պահվում են Ադրբեջանում։ Այսինքն գործընթացը ծավալվում է, և մենք հայտարարությունն ընդունել ենք։ Շատ մարդիկ կան, որոնք ուզում են ինչ-որ հարցում փրկիչ լինել։ Մեզ փրկիչներ պետք չեն, աշխատող մարդիկ են պետք, որ խնդիրներ լուծեն»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։