գլխավոր Իրադարձային Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակներով. Վազգեն Մանուկյան

Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակներով. Վազգեն Մանուկյան

Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար։ Այս մասին «Հայրենիքի փրկության» շարժման մարզային հանդիպումների շրջանակում Վանաձորում միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, պատասխանելով դահլիճից հնչող հարցերին, անդրադարձավ գերիների խնդրին:

«Գերիների հարցն իրոք բարդ է, բայց մեզ կարող է օգտակար լինել այդ հարցում Ռուսաստանը, երկրորդը՝ միջազգային կազմակերպություններն են, որոնց պետք է ներգրավել, երրորդը` Հայաստանի ղեկավարությունն է, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի դեպքում: Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է այդ գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար, նա նրանց գերի չի համարում, նրանց ցանկանում է դատել: Բայց եթե  երկրի ղեկավարը կպած լիներ գործին, իմ կարծիքով՝ այդ հարցը հիմնականում կարելի էր լուծել»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը նկատեց, որ նախկինում բոլոր նախագահները, որոնք Ղարաբաղյան շարժումը ղեկավարում էին, ղարաբաղյան հարցի լուծումը հստակ պատկերացնում էին, թե ինչ էին ուզում և մաքսիմում, որ կարող էինք ունենալ, Արցախի անկախություն, միգուցե միացրած Շահումյանը և անմիջական կապ Հայաստանի հետ:

«Ցավն այն է, որ ոչ մեկը իշխանությունից դա չի ներկայացրել, իսկ ոչ մի թիզ հող նշանակում է ոչ մի բանակցություն, նշանակում է պատերազմ»,-ասաց նա:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն էլ, փակելով հանդիպումը, վստահեցրեց, որ իրենց պայքարը կանգ չի առնելու և հասնելու են հաղթանակի՝ հանուն հայրենիքի և հանուն պետութան: