գլխավոր Գլխավոր Փաշինյանի աչքերի փայլն ու ապաշրջափակման վտանգավոր փուչիկը

Փաշինյանի աչքերի փայլն ու ապաշրջափակման վտանգավոր փուչիկը

Պատերազմը պարտվեցինք, հայրենազրկվեցինք, բոլոր միջազգային հարթակներում դարձանք ծիծաղի առարկա, բայց դե հո սահմանները բացելու են։ Իշխանական քարոզչամեքենայի համար մեկ ու, երևի թե, միակ արդարացումն այն աղետին, որ հեղեղի պես լցվեց մեր գլխին, սա է։ Դե, եթե հաշվի չառնենք մանր-մունր, նախկին-մախկին, թալան-մալան՝ արդեն զզվելի դարձած դիսկուրսը։

Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ հենց սահմանները բացվեցին, փողն ու ադրբեջանական ձմերուկը բահով ենք կրելու, բոլորիս գործերն աջ են գնալու, ու, ընդհանրապես, թողեք աշխատեն, ի։

Բայց ապաշրջափակումն, իրականում մի մեծ տրոյական ձի է, որը խոցելու է մեր աքիլեսյան գարշապարն ու մեզ թողնելու է տարածաշրանային մրցավազքի կուլիսներում։

Իրականում տրանսպորտային ապաշրջափակումը մեզ ոչինչ չի տա։ Ու եթե այդ երանելի «ոչինչ»-ով պրծնենք, ուրեմն էլի շահել ենք, քանի որ այս Kinder surprise-ի միջի խաղալիքն իսկական տարածաշրջանային ռումբ է։

Քաղաքագետ տնտեսագետ Հրանտ Միքայելյանն Onnet.am-ի հետ զրույցում մի քանի հետաքրքիր հակափաստարկ է բերում իշխանական թոթովանքներին։

«Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք, թե ով է շահագրգռված այդ ապաշրջափակմամբ ու տրանսպորտային միջանցքի կառուցմամբ։ Իլհամ Ալիևը։ Նա դա անում է հանուն Հայաստանի՞։ Կասկածում եմ։ Տեսեք՝ այն միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանով, գտնվելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, այն հատվածը, որն անցնելու է Հայաստանով, գտնվելու է ռուսական վերահսկողության տակ։ Այսինքն, Հայաստանը որևէ վերահսկողություն ու ազդեցություն չի ունենալու այդ ճանապարհային միջանցքի վրա։ Այսինքն, եթե ինչ-որ տեղ բախում լինի ու Ադրբեջանը որոշի սահմանը փակել վերջ, Հայաստանը զրկվում է ամեն ինչից։ Դրան գումարած՝ նա (Ադրբեջանը՝ խմբ․) կարող է հայկական բեռները առգրավել։ Իսկ եթե կա մեկը, որը մտածում է, որ Ադրբեջանն այդ ամենը չի անի, սխալվում է»,- մեկնաբանում է Միքայելյանը։

Ի դեպ, ադրբեջանամետ հայ իշխանավորների փաստարկների տրամաբանությունը գերազանցում է անգամ վառ երևակայության աներևույթ սահմանները։ Տեսեք, նոր ճանապարհը անցնելու է Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանի հարավարևելյան հատվածով (նաև Արցախի՝ օկուպացրած տարածքներով), որտեղ Ադրբեջանն արդեն զինյալ վարձկանների ռազմաբազա է տեղակայել, ու եթե ինչ-որ հրաշքով այդտեղից ողջ դուրս եկար, կհասնես Բաքու, այնտեղից էլ Մախաչկալա։ Լու՞րջ։ Ըստ Հրանտ Միքայելյանի, այդ ճանապարհը 2․3 անգամ ավելի երկար է, քան արդեն գործող ու Վրաստանով անցնող ճանապարհը, որի միջոցով մենք տասնամյակներ շարունակ ելումուտ ենք արել Ռուսաստանի Դաշնություն։ Այսինքն, ո՞րն է այս ճանապարհի օգուտը։ Էքստրեմալ զգացողությունները՞։ Բաքուն տեսնելը՞։ Եթե առաջինը, ապա հեչ պետք չէր դա անել հայ ազգի անվտանգության հաշվին։ Եթե երկրորդը՝ առանց 5 հազար հոգու գլուխ ուտելու հանձնվեիք, Վահան Մարտիրոսյանի պես, Բաքվում էլ մի երկու ասուլիս կտայիք, մի երկու ամիս կհայհոյեին ու վերջ՝ Դուք երջանիկ եք։ Որևէ այլ տրամաբանություն այս ճանապարհն օգտագործելու չկա։ Այն և՛ ավելի ծախսատար է, և՛ ժամանակատար, և՛ վտանգավոր։

Իրանի հետ կապող ավտոճանապարհն էլ անտեր շան պես ման է գալիս մեկին, ով գոնե մի կտոր հաց կշպրտի, կամ կտա կսպանի, բայց որևէ կերպ կազատի իրեն սովահար տանջանքներից։ Հիմնական աշխատող ճանապարհը փաստացի կորցրինք, քանի որ մի մասը հայտնվել է Ադրբեջանական վերահսկողության տակ, ու այդ հատվածում գերի ընկնելուց պետք է պարտադիր զանգել ԱԱԾ-ին։ Իսկ այլընտրանքային ճանապարհն անգամ սելով անցնելու համար օգտագործման ենթակա չէ, ուր մնաց՝ բեռնափոխադրումներ։ Ի՞նչ ենք ստանում արդյունքում։ Իրանը կարող է հանգիստ հրաժարվել Հայաստանի տարածքով բեռներ տեղափոխելուց, քանի որ ադրբեջանական հատվածով անցնելն անվտանգ չէ, ու ոչ մի կողմն էլ չի պատրաստվում իրեն նեղություն տալ ու գոնե երրորդ՝ չեզոք կողմի ներկայացուցիչների համար անվտանգության որևէ երաշխիքներ տալ։ Դա էլ բավական չէ, Ադրբեջանը կարող է մի օր որոշել Էյվազլուի հատվածում մաքսակետ տեղադրել։ Ու այդ ժամանակ՝ թե դրել ես, արի՝ տար։ Սրա փոխարեն Իրանի համար հայտնվել է շատ ավելի անվտանգ ու էժան այլընտրանք՝ Նախիջևանով անցնող երկաթուղին, որի հետ Հայաստանը աղերս անգամ չունի։

Հրանտ Միքայելյանն անդրադարձավ նաև այն թեզին, որն ակտիվորեն տարածում են իշխանական քարոզիչները, թե բա՝ ճանապարհները բացվելուն պես երկնիշ տնտեսական աճ ենք ունենալու․

«Ճանապարհներն ընդհանրապես տնտեսական աճ չեն ապահովում, դա ապուշություն է։ Տնտեսական աճ ապահովում են տնտեսվարողները, աշխատողները, տնտեսական օբյեկտները։ Ճանապարհներն ապահովում են միայն այդ ամենի արդյունքում ստեղծված պրոդուկտի տեղափոխումը։ Ինչ վերաբերում է տնտեսական աճին։ Այն, ինչն իսկապես պետք է տնտեսական աճ ապահովի, անհասկանալի է, թե ինչպես են աշխատելու։ Օրինակ՝ սահմանին գտնվող չորս հանքերը, որոնցից մեկը Սոթքի հանքն է»,- նկատում է Միքայելյանը։

Ի դեպ, հանքերի մասով, Փաշինյանն Ամուլսարի թեժ օրերին սիրում էր կրկնել, որ տնտեսական շրջափակման պայմաններում հանքարդյուանբերությունը միակ բանն է, որն ապահովում է դոլարի մուտք մեր երկիր։ Կարելի է մտածել, թե Սոթքի հանքի կորուստը կկոմպենսացվի ճանապարհների ապաշրջափակմամբ, բայց, իրականում ոչ։ Ըստ Հրանտ Միքայելյանի, մենք ոչինչ, բացարձակապես ոչինչ չենք ստանալու այդ ապաշրջափակումից։ Ստանալու են Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք այս ապաշրջափակումով արեցին իրենց միավորման առաջին, բայց շատ կարևոր քայլը։ Իրենց քայլը։

Աղվան Ասոյան