գլխավոր Գլխավոր Ա1+-ը եթեր չի վերադառնա

Ա1+-ը եթեր չի վերադառնա

Հանրային մուլտիպլեքսում վարկանիշային քվեարկությամբ կատարվեց սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների տրամադրումը:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը նախ նշեց, որ հանրապետական սփռման համար հայտ էին ներկայացրել 12 հեռուստաընկերություն, որից 3-ը դիմել էին միայն հանրապետական, իսկ 9-ը միաժամանակ և՛ հանրապետական, և՛ մայրաքաղաքային սփռման լիցենզիա ստանալու համար:

Նրա խոսքով՝ հայտարարվել էր 6 սլոթ հանրապետական և 9 սլոթ մայրաքաղաքային սփռման համար, սակայն ՀՀ և ՌԴ միջկառավարական պայմանավորվածության համաձայն 1 ռուսական հեռուստալիք առանց լիցենզիայի ստացել է հանրապետական սփռման հնարավորություն և 2 ռուսական ալիք էլի առանց լիցենզիայի մայրաքաղաքային սփռման հնարավորություն, ուստի սլոթների թիվը նվազել է, հանրապետականը դարձել 5, իսկ մայրաքաղաքայինը 7:

Նա նշեց, որ միայն մայրաքաղաքային սփռման համար ներկայացվել էր 4 հայտ, սակայն հունվարի 8-ին «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ն, ապա Հանրայինը ներկայացրին իրենց դիմումները, որով հետ կանչեցին իրենց հայտերը։ Ուստի դրանք չեն մասնակցում այս մրցույթին:

Հանրապետական մրցույթի համար հեռուստաընկերությունները ստացել են հետևյալ միավորները․ «Արմնյուզ»՝ 613 միավոր, «Հ2»՝ 626 միավոր, «5-րդ ալիք»՝ 657 միավոր, «Կենտրոն» ՀԸ՝ 663 միավոր, «Արմենիա» ՀԸ՝ 713 միավոր, ATV՝ 670 միավոր, «Ֆրի նյուզ»՝ 531 միավոր, «A1+»՝ 545 միավոր, «Երկիր մեդիա»ՀԸ՝ 688 միավոր և «Շանթ» ՀԸ՝ 680 միավոր:

Միայն մայրաքաղաքային տարածման համար դիմել է 4 հեռուստաընկերություն, որոնց վարկանիշային քվեարկությոնը հետևյալ կերպ է արձանագրվել: «Դար 21»՝ 492 միավոր, «Մո թիվի մելդիա հոլդինգ» ՓԲԸ՝ 463 միավոր, «Արփի մեդիա» ՍՊԸ՝ 542 միավոր և «Շանթ սպորտ» ՍՊԸ՝ 216 միավոր:

ՀՌՀ նախագահը նշեց, որ այն հեռուստաընկերությունները, որոնք ավեի քիչ վարկանիշային միավոր են հավաքել հանրապետական սփռման համար, անցնում են մայրաքաղաքային սփռման, եթե դիմել են նաև դրա համար: Նա նաև նշեց, որ հանրապետական սփռման համար անցողիկ 1/3-ի շեմից ցածր միավորներ հավաքած հեռուստաընկերություններ չկան:

Միայն մայրաքաղաքային սփռման համար դիմած հեռուստաընկերություններից միակը, որը չի հավաքել բավարար 280 միավորը, «Շանթ սպորտ»-ն է: