գլխավոր Քաղաքականություն Վարչապետի խոսնակը՝ Իգոր Պոպովի հայտարարության մասին. Փաստինֆո

Վարչապետի խոսնակը՝ Իգոր Պոպովի հայտարարության մասին. Փաստինֆո

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակն անհրաժեշտություն չի տեսնում անդրադառնալ երկրի վարչապետին ստախոսության մեջ մեղադրող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովի հայտարարությանը։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն իր՝ «44 օրյա պատերազմի ակունքները» վերնագրով հոդվածում նշել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ հանգել են միայն Ադրբեջանին յոթ շրջանների վերադարձի թեմային, ինչին արձագանքելով Ի.Պոպովը հայտարարել է, որ այն չի համապատասխանում իրականությանը։

«Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել ԼՂ 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը», հունվարի 13-ին հայտարարել է Պոպովը։ Ավելին, նա նշել էր, որ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ կանոնավոր կերպով ընթացել են բանակցություններ մինչև 2018 թվականը, երբ Երևանն առաջ է քաշել նոր մոտեցումներ։ Այդպիսով, ըստ էության, համանախագահողը ՀՀ իշխանություններին է մեղադրել բանակցային գործընթացը տապալելու մեջ։

Այս առիթով «Փաստինֆո»-ն փորձել է պարզաբանում ստանալ վարչապետի խոսնակից, սակայն վերջինս չի ցանկացել մեկնաբանել.

«Եթե ես ցանկանամ անդրադառնալ՝ կանդրադառնամ, այս պահին անդրադառնալու որևէ անհրաժեշտություն չեմ տեսնում»,-ասաց Մանե Գևորգյանը:

Աղբյուր` Փաստինֆո