գլխավոր Իրադարձային Գոնե տեղյա՞կ եք, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է հանվի օրակարգից․ Արման...

Գոնե տեղյա՞կ եք, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է հանվի օրակարգից․ Արման Աբովյան

Ռազմագերիների և անհետ կորածների խնդիրն ամենակարևորագույն խնդիրն է այսօր և ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ չկարողացավ, կա՛մ իրեն չլսեցին, բայց այդ մարդն ի զորու չէ լուծել այդ կարևորագույն խնդիրը. լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը:

«Ռազմագերիների և անհետ կորածների խնդիրը ակնհայտ ցույց է տալիս Ադրբեջանի և  Թուրքիայի իրական նպատակները կարճաժամկետ, միջնաժամկետ տարածաշրջանի և Հայաստանի հանդեպ և այս պարագայում խոսել բարիդրացիական կամ դիվանագիտական հարաբերությունների մասին՝ քաղաքական խելագարության կանխավարկածից է»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ այսօր ԱԺ-ում ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպմանը չի մասնակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Աբովյանը պատասխանեց, որ այսօրվա իշխանության հետ չունեն ընդհանուր օրակարգ քննարկումներ անելու համար.

«Պատերազմից անմիջապես հետո խոսեցին դիվանագիտական հարաբերությունների մասին, ես հարց բարձրացրի՝ եթե դուք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություներ եք հաստատում, գոնե տեղյա՞կ եք Թուրքիայի նախապայմաններից, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է հանվի օրակարգից, Հայաստանը հրաժարվի հայ դատի գաղափարերից, ինչն էլ  նշանակում է տոտալ տապալում՝ մեր ազգային տեսլականից»:

Արման Աբովյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նշանակում է, որ պետք է ընդունել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը ոչ մի կապ չունի Արցախի Հանրապետության հետ։

«Ինչի՞ այն ժամանակ չէին դնում դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը, որովհետև շատ լավ հասկանանում էին, որ Ադրբեջանը նախապայաման է դնելու, իսկ նա այսօր ինչ նախապայման դնում է՝ հայկական իշխանությունը ընդունում է»,– ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ Արցախի կարգավիճակի մասին հարցը չի ստանում փաստաթղթային տեքստ, Աբովյանը պատասխանեց, որ այսօրվա իշխանությունները շարժվում են այն օրակարգով, որն իրենց պարտադրում է Ադրբեջանը և Թուրքիան:

«Արդեն որերորդ օրն է՝ գովազդում է ճանապարհների ապաշրջափակումը, բայց այս պարագայում Ադրբեջանը և Թուրքիան ունենալու են պանթուրանական բաղձալի երազանք, որը հարյուր տարի ի վեր իրենք փորձում էին անընդհատ գեներացնել Նախիջևանից Ադրբեջան Մեղրու միջանցքով, փաստորեն, պանթուրանական գոտին միավորվում է, ինչը կենսական վտանգ է ներկայացնում ՀՀ-ի գոյության համար»,- ասաց նա:

Ըստ նրա՝ Շուռնուխի և Որոտանի մասին իշխանությունն ասում է, որ ըստ խորհրդային քարտեզների և հին քարտեզների՝ դա Ադրբեջանի տարածք է, իսկ ով նման բան է ասում, Աբովյանի կարծիքով՝ կա՛մ Ադրբեջանի շահերն է պաշտպանում, կա՛մ չի հասկանում ի՞նչ է ասում:

Անդրադառնալով  ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովի մեկնաբանությանը, որ Ռուսաստանը երբեք ԼՂ կարգավորման գործընթացը չի տարել միայն տարածաշրջանի 7 շրջան Ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ՝ մոռանալով նրա կարգավիճակի հարցի մասին, Աբովյանը պատասխանեց.

«Ռուսաստանը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի տիրապետում, կա՛մ մանիպուլյացիաներ է իրականացնում, երբ ասում է՝  մեկ է, պետք է տարածքները տրվեն: Պոպովը հստակ ասում է, որ բոլոր փոխզիջումային գործընթացները պետք է իրականանային, երբ հասկանալի կլիներ Արցախի Հանրապետության կարգավիճակը լուծելու մեխանիզմը, դրանով դիվանագիտական ապտակ է տալիս իշխանությանն, որ պետք չէ ստել»: