գլխավոր Իրադարձային Կարող ենք հիմա գնալ՝ ձեզ 100 միլիոնանոց ներդրում ցույց տամ. Վահան Քերոբյան

Կարող ենք հիմա գնալ՝ ձեզ 100 միլիոնանոց ներդրում ցույց տամ. Վահան Քերոբյան

«Այսօր կառավարությունում քննարկվող նախագիծը վերաբերում էր անցած տարվա մայիսի 21-ին կայացրած որոշման մեջ փոփոխություններ կատարելուն, համաձայն որի` մենք փորձել ենք պետություն և ձեռնարկատեր ներդրումային ֆոնդում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի այդ ֆոնդը կարողանա ռեալ ներդրումներ կատարել ռեալ ընկերությունների մեջ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մանրամասնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարը հիշեցրեց երկու տարի առաջ դեկտեմբերի 12-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետի դիտարկումը, թե կառավարման համակարգը հակադրված է փոփոխություններին, և նշեց.

«Ես դա զգում եմ, բայց այդտեղ պատճառն այն չէ, որ մարդիկ չեն ուզում փոխվել, ուղղակի ամեն քայլափոխին մարդկանց ասում են՝ եթե դու սա անես, կլինի այսպիսի ռիսկ, այն անես՝ կլինի այնպիսի ռիսկ, ինչը կաշկանդում է բոլորին և չի թողնում աշխատել»:

Հարցին, թե որ օղակից է գալիս խնդիրը, նա պատասխանեց. «Դա, կարելի է ասել, օդի մեջ կախված է, այսինքն՝ ամեն տեղ կա. դա ուղղակի աշխատանքի մշակույթ է, որը պետք է փոխել»:

Դիտարկմանն էլ, թե դա էլ, ըստ Ձեզ, այս կառավարության խնդիրն է, Վահան Քերոբյանն արձագանքեց. «Նախորդ կառավարությունների մեջ կար հստակ հակակշիռ-մոտիվացիա՝ դա կոռուպցիան էր: Այսինքն, դու գիտեիր, որ այս կողմից ռիսկ կա, այս կողմից՝ այդ ռիսկի գնալու «պարգևը» կոռուպցիան էր: Հիմա քանի որ կոռուպցիա չկա, մարդիկ առանձնապես մոտիվացիա չունեն ռիսկի գնալու, հետևաբար՝ ընտրում են ավելի պահպանողական աշխատելաոճը, որը պետք է փոխվի»:

Առհասարակ ներդրումներին անդրադառնալով՝ նախարարը տեղեկացրեց. «Կան շատ ներդրողներ, և ես ամեն օր հանդիպում եմ մի քանի նման ներդրողի հետ և ամեն օր լուծում եմ իրենց առջև ծառացած խնդիրները»:

Հացրին, թե ե՞րբ կտեսնենք խոշոր գումարի ներդրում, նա պատասխանեց. «Կարող ենք հիմա գնալ՝ ձեզ 100 միլիոնանոց ներդրում ցույց տամ»:

Նա հավելեց, որ այդ ընկերությունը «Տերյան Ռենշին» ընկերությունն է, որը զբաղվում է կառուցապատմամբ:

Էկոնոմիկայի նախարարը մանիպուլյացիա որակեց Ադրբեջանի հետ առևտրի մասին իր ասածի շուրջ աղմուկը, և պատասխանելով հարցին, թե քանի՞ գործարար է կողմ, որ ճանապարհները բացվեն, արդյո՞ք շփվում է գործարարների հետ և տեղյա՞կ է նրանց տեսակետներին, Քերոբյանը նկատեց՝ հայ գործարարների հետ ունի ամենօրյա և ամենժամյա շփում. «Վերջին հանդիպում երեկ է կազմակերպվել: Այս հարցը չեմ քննարկել. ես քննարկում եմ նրանց այսօրվա խնդիրները:

Գիտեմ, որ բազմաթիվ գործարարներ կրում են ահռելի ծախսեր, երբ, օրինակ, ապրանք են արտահանում Ղազախստան: Դա կրկնակի ավելի թանկ է, քան իրականում պետք է լիներ, ուղղակի ճանապարհների զարտուղիության պատճառով այդպես է ստացվել»:

Ղազախաստան Նախիջևանո՞վ են արտահանելու՝ հարցը՝ նրան զայրացրեց. նախարարը չպատասխանեց:

Խոսելով գնաճի մասին՝ Վահան Քերոբյանը վստահեցրեց՝ այս տարի մեր գնաճը գտնվում է թիրախային մակարդակում, այսինքն՝ չի գերազանցելու 2-2.5 տոկոսը. «Դեկտեմբերի ցուցանիշը այսօր կամ վաղը կհրապարակվի, բայց շատ թիրախային է: Այսինքն՝ շատ թիրախային է, և էապես ավելի քիչ գնաճ կա, քան մեր հարևան և առևտրային պարտնյոր երկրներում: Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը էական ավելի մեծ գնաճ ունեն:

Մերը, ի պատիվ Կենտրոնական բանկի, գտնվում է շատ մեղմ վիճակում: Հիմա, եթե կոնկրետ ապրանքների վերաբերյալ խոսենք, ինչ-որ մի ապրանքի թանկանալը փոխհատուցվում է ուրիշ ապրանքի էժանանալով: Միջազգային շուկաներում որոշ տեսակի ապրանքների գներ կտրուկ բարձրացել են, և այստեղ Հայաստանի Հանրապետությունը չի կարող իր սեփական քաղաքականությունը մշակել, որ աշխարհում գները իջնեն»: