գլխավոր Քաղաքականություն «Դա ԱՄՆ-ի ներքին գործն է, չենք մեկնաբանում». Չինաստանի ԱԳՆ-ն

«Դա ԱՄՆ-ի ներքին գործն է, չենք մեկնաբանում». Չինաստանի ԱԳՆ-ն

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի որոշումը գործող նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենթի ենթարկելու մասին անվանել է ԱՄՆ ներքին գործ և հրաժարվել է մեկնաբանություններ տալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դա ԱՄՆ-ի ներքին գործն է, մենք չենք մեկնաբանում այդ հարցը», – ճեպազրույցի ժամանակ ասել է խոսնակը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու վերաբերյալ դեմոկրատների ներկայացրած բանաձևը: 

Թրամփի իմփիչմենթի մասին բանաձևն ընդունվել է 232 կողմ և 197 դեմ ձայներով: Գործող նախագահին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել են նաև թվով 10 հանրապետական օրենսդիրներ: Խոսքը հանրապետականներ Դեն Նյուհաուսի (Վաշինգտոն), Ջոն Կատկոյի (Նյու Յորք), Ջեյմի Հերրերա Բեիթլերի (Վաշինգտոն), Ադամ Քինցինգերի (Իլինոյս), Ֆրեդ Ափթոնի (Միչիգան), Լիզ Չեյնիի (Վայոմինգ), Փիթեր Մեյերի (Միչիգան) մասին է, որոնց անունները հրապարակվել էին ավելի վաղ:

Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին քվեարկել են նաև հանրապետականներ Էնթոնի Գոնսալեսը (Օհայո), Թոմ Ռայսը (Հարավային Կարոլինա) և Դեյվիդ Վալադաոն (Կալիֆոռնիա):

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 5 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են:Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել: