գլխավոր Գլխավոր Ադրբեջանցիները պատրաստ չեն հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանցիները պատրաստ չեն հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների. Արտակ Բեգլարյան

Տեսանելի ապագայում հնարավոր չէ ադրբեջանցիների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ, որովհետև ադրբեջանական հասարակությունը տասնամյակներ շարունակ միտումնավոր կազմակերպված, համակարգային ձևով ներարկվել է հայատյացության տրամադրություններով: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք հնարավոր է արդբեջանցիների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ ու խաղաղ ապրել նրանց հետ:

Նա նշեց, որ դրա արտացոլանքն էին նաև պատերազմի ժամանակ տեղի ունեցած բազմաթիվ հանցագործությունները, բազմաթիվ տեղեկատվական դիվերսիաները: «Առ այսօր մենք տեսնում ենք, որ այս հայատյացություն տրամադրությունները հաճախակի են դրսևորվում  ադրբեջանական իշխանությունների կողմից, ընդհուպ՝ մինչև նախագահի: Այն որ իրենց ամբողջ հասարակությունը ողջունում է հանցագործությունները, խոշտանգումները, դա արդեն ցուցիչ է, որ ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների»,- ասաց նա:

Բեգլարյանը նշեց՝ բոլորս էլ հասկանում ենք, որ եթե մեկ տարածաշրջանում հարևանությամբ ենք ապրում, երկու պետություների ժողովուրդներին էլ ռացիոնալ առումով ձեռնտու են բարիդրացիական հարաբերությունները: «Սակայն ես անկեղծորեն կարծում եմ, որ ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ դրան և բավականին երկար ժամանակ պետք է անցնի դրա համար, նույնիսկ եթե քաղաքական կամք ունենան ու գործուն ջանքեր գործադրեն, որ հասարակության միջից որոշ չափով դուրս գան այդ հայատյաց տրամադրությունները: Միգուցե ոչ տեսանելի ապագայում հնարավոր լինի որոշակի հարաբերություններ, շփումներ ունենալ, բայց դա տեսանելի ապագայում սպասելի չէ ինձ համար»,- շեշտեց նա: