գլխավոր Քաղաքականություն Հայկ Սարգսյանը խլեց լրագրողի միկրոֆոնը և մտավ սենյակ

Հայկ Սարգսյանը խլեց լրագրողի միկրոֆոնը և մտավ սենյակ

Ես հետեւել եմ ձեր գործունեությանը՝ եւ որոշում եմ կայացրել, որ չեմ պատասխանելու ձեր հարցերին: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում դիմելով «Yerevan Today»-ի լրագրող Սյուզի Բադոյանին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Եթե դուք ձեր գործունեության ընթացքում կապացուցեք, որ արժի, որ ձեր հարցերին պատասխանեմ, ես եկող տարի  կպատասխանեմ»,-ասաց նա:

Լրագրողը արձագանքեց. «Ես ապացուցում եմ քաղաքացիներին, ես ձեզ ապացուցելու ոչ մի բան չունեմ, մի քիչ շատ մեծ իրավունքներ չեք վերապահո՞ւմ ձեզ: Իմ թեւն ինչո՞ւ էիք քաշում, երբ ես Սյունեքի համայնքների ղեկավարների մասով քրգործի մասով հարց էի տալիս պարոն Ջհանգիրյանին»:

Հայկ Սարգսյանն ասաց, որ լրագրողները գագիկ Ջհանգիրյանին ուզում էին գցել գետնին. «Ես դա նկատեցի, փորձեցի կանխել: Գագիկ Ջհանգիրյանը սայթաքեց, քիչ մնաց ընկներ»:

Լրագրողն էլ պատասխանեց. «Դուք հիմա սադրիչ եք, թե սուտ ասելու վարպետ եք»:

«Ձեզանից ուժեղ սադրիչ ես չեմ պատկերացնում: Նման մեկնաբանություններ այլեւս չանեք, ես ձեզ դա թույլ չեմ տալու»,-ասաց պատգամավորը:

Նրանց միջեւ վիճաբանություն սկսվեց:

-Դուք նրա կյա՞նքն էիք պաշտպանում ինձնից, լրագրողի՞ց: Ես կադրերը կբերեմ կնայեք:

– Ձեր հարցերը չունեն որեւէ լոգիկա: Դուք կադրերը մի հատ էլ կնայեք, ինչպես էիք բոլոր լրագրողներով Գագիկ Ջհանգիրյանին հետապնդում: Ես փորձեցի…

– Դա մեր աշխատանքն է, այդ դուք էիք մեզ հետապնդում:

– Երբ ես սկսեմ ձեզ հետապնդել, մեր ամբողջ  հանրություն ահավոր կուրախանա: Դեռեւս ցավոք սրտի, չեմ սկսել ձեզ հետապնդել:

– Ինչի՞ ցավոք սրտի, սկսեք:

– ես ուզում եմ մտնել իմ աշխատասենյակ:

– Դուք կարող եք մտնել, մենք ձեզ չենք բռնանում, բայց ուզում ենք մի քանի հարցերի պատասխաններ ստանալ, կարելի՞ է:

– Ես ասացի, որ ձեր հարցերին չեմ պատասխանում: Եթե դուք 5-ի կպահեք ձեզ, ես հաջորդ տարի կպատասխանեմ ձեր հարցերին, դւք ձեզ 2-ի եք պահում: Կթողնե/ք ինձ մտնել սենյակ:

– Ես իրավունք ունեմ ձեզ խանգրելու, որովհետեւ դուք պետք է բավարարեք քաղաքացիների պահանջները:

– Ես ճիշտն ասած մտածում էի, որ այս տարի դուք լրագրողներով, հատկապես գողացված միջոցներով սնվող լրագրողներով ձեր գործունեության ոճը կփոխեք:

– Էս ի՞նչ հայտարարություն եք անում, դուք դրա տակից դուրս կգա/ք:

-Այո, դիմեք դատարան, դատարանում կհանդիպենք:

-Շատ համարձակ պատգամավոր եք, անուններով կխոսե՞ք: Դուք հիմա փախչում եք, համարձակը չի փախչում:

Դրանից հետո Հայկ Սարգսյանը խլեց լրագրողի միկրոֆոնը, հրեց եւ մտավ սենյակ, եւ թույլ չէր տալիս իր հետեւից լրագրողները բացեն դուռը:

Լրագրողը կոչ արեց վերադարձնել խոսափողը:

Քիչ անց Հայկ Սարգսյանը վերադարձրեց միկրոֆոնը եւ կրկնեց, որ չի պատասխանելու տվյալ լրագրողի հարցերին: