գլխավոր Հասարակություն 🎥 Ողջաբերդի տները սողանքների պատճառով փլուզվում ու հողին են հավասարվում. Tert.am

🎥 Ողջաբերդի տները սողանքների պատճառով փլուզվում ու հողին են հավասարվում. Tert.am

Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում բնակիչները ամեն օր քնում ու արթնանում են մտավախությամբ, որ իրենց տները սողանքի պատճառով հողին կհավասարվեն: Ձյան հալվելու հետ վտանգն այստեղ ավելի է մեծանում: Այդ մասին հայտնում է Tert.am-ը։

Գյուղում սողանքների խնդիրը բնակիչներին հանգիստ չի տալիս 1981 թվականից: Այդ ժամանակներից մինչև օրս գյուղից բազմաթիվ ընտանիքներ են հեռացել: Հիմա Ողջաբերդում հաշված ընտանիքներ են մնացել:

«Այն ժամանակներից արդեն գյուղը գրեթե դատարկվել է: Հիմա շատ քիչ ընտանիքներ կան. գյուղը աղետի գոտի է համարվում, որովհետև սողանքները հողին են հավասարեցնում ամեն ինչ», – ասում է գյուղի բնակիչ Աշոտ Վարդանյանը:

Գյուղի բնակիչներն ասում են ՝ գյուղում չկա գեթ մեկ շինություն, որը մարդիկ են քանդել: Բոլորը փլուզվել ու հողին է հավասարվել սողանքների պատճառով:

«Մեր արոտավայրերում այնպիսի ճաքեր կան, որ անասուններն ընկնում են այնտեղ, օրերով, շաբաթներով փնտրում ենք, հետո գտնում ենք այդ ճաքերի մեջ՝ սատկած», – պատմում է գյուղի բնակիչ Արիջան Շահբազյանը:  

Գյուղացիները դժվարանում են նաև բերքն իրացնել ու վաստակել իրենց ապրուստի միջոցը:

«Ճանապարհներն այնքան վատն են, որ մեքենաները չեն կարողանում բարձրանալ: Ամբողջ բերքը թափվել է, մնացել գետնին ու դարձել անասունների կեր», – պատմում է գյուղի բնակիչ Արիջան Շահբազյանը:

Գյուղապետարանից էլ ասում են՝ գյուղի բոլոր խնդիրներից տեղյակ են, բայց համավարակի ու պատերազմի ծանր հետևանքներն իրենց գործին խոչնդոտում են:

Մանրամասները՝ տեսանյութում: